Խարդախության մեծ շղթա՝ բնակարանների վարձակալության շուկայում․ Ո՞ւր են նայում իրավապահները
List.am-ում բնակարանների վարձակալության պատրվակով գործող խարդախության մեծ շղթայի մասին ահազանգ է հնչեցրել լրագրող Մարգարիտա Դավթյանը՝ հանրությանը հորդորելով ցուցաբերել առավելագույն զգոնություն և ոչ մի պարագայում կանխավճարներ չփոխանցել անծանոթ անձանց։
⚠️ ԱՀԱԶԱՆԳ․
List.am-ում բնակարանների վարձակալության անվան տակ գործում է ԽԱԲԵՈՒԹՅԱՆ և ՇՈՐԹՄԱՆ ՄԵԾ ՇՂԹԱ
Հարգելիներս, խնդրում եմ առավելագույնս ԶԳՈՆ ԼԻՆԵԼ և տարածել այս հայտարարությունը՝ այլ մարդկանց նմանատիպ հանցագործություններից զերծ պահելու համար։
Վերջին շրջանում List.am կայքում բնակարանների վարձակալության հայտարարությունների բաժնում ակտիվացել է հանցավոր մի խումբ, որը մարդկանց վստահությունը չարաշահելով՝ իրականացնում է խոշոր չափերի գումարների և անձնական տվյալների հափշտակություն։
⚠️ Ինչպե՞ս է գործում սխեման․
1. Տեղադրվում է բնակարանի գրավիչ հայտարարություն։
2. Քաղաքացու հետ կապ հաստատելիս «պահանջարկը մեծ լինելու» պատրվակով պահանջում են կանխավճար (մեր դեպքում՝ 110,000 դրամ, որը փոխանցվել է Converse Bank-ի հաշվեհամարին):
3. Վստահություն շահելու համար քաղաքացուն են ուղարկում «տանտիրոջ» անձնագրի լուսանկարը (որը, ամենայն հավանականությամբ, մեկ այլ զոհի կամ կեղծված անձնագիր է):
4. Զուգահեռաբար վերցնում են նաև տուժողի անձնագրային տվյալներն ու լուսանկարները՝ հետագայում այլ խարդախություններում օգտագործելու նպատակով։
5. Գումարը ստանալուց հետո կապն անմիջապես կտրվում է։
Այս պահին իմ մոտ առկա են բոլոր տվյալները՝ հեռախոսահամարները, բանկային փոխանցման տվյալները և ուղարկված փաստաթղթերի լուսանկարները։
Ցավոք, շատ տուժողներ՝ նախկինում իրավապահ համակարգի հետ ունեցած բյուրոկրատական քաշքշուկների և ապարդյուն փորձերի պատճառով, հիասթափված են և հրաժարվում են դիմել ոստիկանություն: Սակայն սա չի նշանակում, որ հանցագործները պետք է մնան անպատիժ։
???? ՀՈՐԴՈՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ․
ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉ ՄԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՄԻ՛ ԱՐԵՔ անծանոթ անձանց, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը, չեք հանդիպել սեփականատիրոջ հետ և չեք կնքել պաշտոնական պայմանագիր։ Մի՛ ուղարկեք ձեր անձնագրային տվյալները։
???? ԱՀԱԶԱՆԳ ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ։ Ակնկալում ենք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության անհապաղ և լուրջ արձագանքը։
Սա առանձին դեպք չէ, այլ կազմակերպված հանցավոր շղթա, որը ամեն օր թալանում է մեր քաղաքացիներին։
Այս գրառումը նաև հանրային հայտարարություն է իրավապահ համակարգին՝ նախաձեռնողական քայլեր ձեռնարկելու և այս սխեմաները բացահայտելու համար։
Խնդրում եմ տարածել (Share), որպեսզի ոչ մի քաղաքացի այլևս չընկնի այս որոգայթը։