Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն ավելի խորն է, քան հրապարակայնորեն հայտնի էր։ Այս մասին հաղորդվել է The Insider-ի, Der Spiegel-ի և Le Monde-ի իրականացրած համատեղ հետաքննության ժամանակ՝ հղում անելով գաղտնի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերին։
Չինաստանը Մոսկվային առաջարկել է մի շարք տեխնոլոգիական մշակումներ զինամթերքի, օդային և հրթիռային պաշտպանության, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտներում, որպեսզի Ռուսաստանը կարողանա փորձարկել այդ տեխնոլոգիաներն Ուկրաինայում իրական մարտական գործողությունների ժամանակ և արդյունքները կիսել Պեկինի հետ։
Ավելին՝ Չինաստանը Ռուսաստանին ներգրավել է Իլոն Մասկի Starlink արբանյակային համակարգի դեմ պայքարի ծրագրում՝ իրավական և դիվանագիտական միջոցներով, ինչպես նաև արբանյակների ուղղակի ոչնչացման միջոցով։
Բացի այդ, Չինաստանը պետք է Մոսկվային մատակարարի միկրոսխեմաներ և էլեկտրոնիկա, իսկ Ռուսաստանը Չինաստանին՝ հումք և այն բաղադրիչները, որոնց հասանելիությունը Պեկինի համար դժվար է արևմտյան պատժամիջոցների պատճառով։
Ավիացիոն տեխնոլոգիաների ոլորտում քննարկումները ներառել են համատեղ լաբորատորիաներ, մտավոր սեփականության համատեղ օգտագործում և տեխնոլոգիաների փոխադարձ փոխանցում։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն արդեն արձագանքել է հրապարակմանը։ Նա խիստ քննադատել է Պեկինին՝ հաղորդել է AFP գործակալությունը:
«Չինաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ցանկացած աջակցություն երկարաձգում է հակամարտությունը և բերում է նոր, անթիվ տառապանքներ»,- ընդգծել է նախարարը։