Մարզպետների «մեծ ռոտացիան». Ո՞վ կփոխարինի Ահարոն Սահակյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում

Չնայած անցած շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում, «Մեգանյուզ»-ի աղբյուրները փոխանցում են, որ տեղական գործադիր մարմիններում՝ մարզպետների մակարդակով, սպասվում են լուրջ և ուշագրավ վերադասավորումներ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս փոփոխությունները տեղի են ունենալու մինչև 2028 թվականը մարզպետների ինստիտուտի նախատեսվող օպտիմալացման և վերացման համատեքստում։

Քաղաքական կուլիսներում ակտիվորեն խոսում են այն մասին, որ մարզպետի պաշտոնին մոտ ապագայում հրաժեշտ կտան Արմավիրի և Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը։ Նրանք, ըստ ամենայնի, գործադիրից կտեղափոխվեն օրենսդիր մարմին՝ ստանալով պատգամավորական մանդատ։ Փոփոխությունների աշխարհագրությունն այսքանով չի սահմանափակվում. ամիսներ անց թափուր կդառնա նաև Լոռու մարզպետի հաստիքը, քանի որ գործող մարզպետ Արեն Մկրտչյանին դիտարկում են որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածու։ Լուրեր են շրջանառվում նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին նորից խորհրդարան վերադարձնելու հնարավորության մասին։

Այնուամենայնիվ, ամենաակտիվ քննարկումներն այս օրերին ծավալվում են Կոտայքի մարզի շուրջ։ Արդյո՞ք Ահարոն Սահակյանի հնարավոր հեռացումից հետո մարզպետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Մեգանյուզ»-ի տեղեկություններով՝ իշխող ուժի ներսում այս օրերին ակտիվորեն քննարկվում է հենց նրա թեկնածությունը։ Ծնունդով հրազդանցի Ստեփանյանը տեղական կառավարման համակարգում աշխատանքի լուրջ փորձ ունի,  նա նախկինում զբաղեցրել է Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարը։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նա «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր։

Քաղաքական կուլիսներում նրա նշանակման հավանականությունը բարձր են գնահատում նաև այն պատճառով, որ Ստեփանյանը բավականին ջերմ և վստահելի հարաբերություններ ունի ՊՎԾ պետ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով իշխանական թիմում շարունակում է ազդեցիկ դերակատարում ունենալ մարզային քաղաքականության հարցերում։

Հատկանշական է, որ Հրազդանում արդեն իսկ բաց քննարկվում և շրջանառվում է Լիլիթ Ստեփանյանի՝ մարզպետ նշանակվելու հնարավոր տարբերակը։ Ստացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելու և մեկնաբանություն ստանալու նպատակով «Մեգանյուզ»-ը փորձեց կապ հաստատել անձամբ Լիլիթ Ստեփանյանի հետ՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս լուրերը, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Այնուամենայնիվ, թեման շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում, և իշխանական կուլիսներում սպասվող վերջնական որոշումների ու կադրային հստակեցումների մասին «Մեգանյուզ»-ն առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ։

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am