«Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ և պարգևավճար ստացող տնօրենն եմ. Շուշան Ալեքսանյան
«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը գրել է.
«Դեղին մամուլը հերթական նյութն է հրապարակել՝ պնդելով, թե իբր իմ՝ տնօրենի աշխատավարձը քառապատկվել է՝ համեմատելով 2024 թվականին վարչության ղեկավարի աշխատավարձը 2025 թվականի տնօրենի աշխատավարձի հետ։
Նախ՝ իմ աշխատավարձը ես չեմ սահմանում։ Երկրորդ՝ այն որևէ փոփոխության չի ենթարկվել պայմանագիրը կնքելուց ի վեր։
Նշեմ նաև, որ թեև «Հայփոստի» բաժնեմասերը պատկանում են պետությանը, ընկերությունը ինքնաֆինանսավորվող ՓԲԸ է։
Ու թեև բարձր աշխատավարձ ստանալու մեջ որևէ մեղսավոր բան չկա, այնուամենայնիվ պետք է ընդգծեմ, որ «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ և պարգևավճար ստացող տնօրենն եմ։
Ինչ վերաբերում է ընկերության ֆինանսական ցուցանիշներին, կհորդորեմ նկատել հենց հոդվածում առկա 2024 թվականի ֆինանսական ցուցանիշը։ Ինձ և իմ թիմին հաջողվել է 2025 թվականին՝ 2024 թվականի համեմատ, ընկերության ֆինանսական ցուցանիշը բարելավել 900 միլիոն ՀՀ դրամով, ինչը, առանց ավելորդ համեստության, հսկայական առաջընթաց է։
Վերջերս մեկ այլ հեղինակ էլ պնդում էր, թե ամսական 10 միլիոն դրամ աշխատավարձ եմ ստանում, մինչև ստիպված եղավ պարզաբանում-հերքում հրապարակել՝ դատական գործընթացից խուսափելու համար։
Մեր համբերությունն անսպառ չէ։ Մի ստիպեք, որ հաջորդ տարի խոսեք արդեն դատարանում ինձ զրպարտության համար փոխհատուցած նոր եկամուտների մասին։ Խնայեք բոլորիս ժամանակը»։