Ֆրանսիան՝ ծայրահեղ շոգի ճիրաններում․ գրանցվել է մահերի զգալի աճ

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով գրանցվել է մոտ 1000 ավել մահվան դեպք՝ սովորական ցուցանիշի համեմատ։ Ամենածանր իրավիճակը եղել է այն շրջաններում, որտեղ հայտարարված է եղել շոգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը, փոխանցում է Euronews-ը։

Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 24-ից սկսած մահերի թիվը մոտ 1000-ով ավելի է եղել, քան նախորդ ամիսներին։ Մահացածների մոտ 85%-ը 65 տարեկանից բարձր են եղել։

Ամենաբարդ իրավիճակը եղել է Իլ-դե-Ֆրանս, Նոր Ակվիտանիա, Բրետան, Կենտրոն–Լուար հովիտ, Նորմանդիա և Պեի-դե-լա-Լուար շրջաններում, որտեղ հայտարարված է եղել շոգի կարմիր մակարդակ։ Որոշ վայրերում ջերմաստիճանը հասել է +40°C-ից բարձր, ինչի պատճառով ծանրաբեռնվել են հիվանդանոցներն ու շտապ օգնության ծառայությունները։ Ավելի քան 30 շրջան ամբողջ շաբաթվա ընթացքում գտնվել է վտանգավոր եղանակային պայմանների ամենաբարձր մակարդակի տակ։

Շոգի պատճառով Փարիզում իշխանությունները հանգստյան օրերին արգելել են հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելը՝ շտապ ծառայությունների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։

RTL-ի տվյալներով՝ թաղման ծառայությունները նույնպես գերծանրաբեռնված են եղել։ Որոշ վայրերում  այդ ծանրաբեռնվածությունը սովորական 60–65%-ից հասել է 90–95%-ի, և նրանք ստիպված են եղել հրաժարվել որոշ դիմումներից։

Բացի այդ, փակվել են շուրջ 3500 դպրոցներ, իսկ մոտ 10 000 դպրոցներ փոխել են իրենց աշխատանքային գրաֆիկը։

Փարիզում շտապ օգնության ծառայությունները արձանագրել են մահերի զգալի աճ։

Այս թեմայով
am