Եվրոպական համալսարան. միջազգային չափանիշներով կառուցված ակադեմիական հենասյունը

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Եվրոպական համալսարանն (ԵՀ) ունի ուրույն դերակատարում՝ պայմանավորված ինչպես իր հիմնադրման պատմությամբ, այնպես էլ միջազգային գործընկերային ամուր հենքով ու զարգացման հեռանկարային ռազմավարությամբ։ Այն հանրապետության եզակի բուհերից է, որի հայեցակարգային հիմքում սկզբնապես դրվել է միջազգային համագործակցության գաղափարախոսությունը՝ եվրոպական կրթական չափանիշների շարունակական ներդրմամբ:

Հիմնադրման ակունքները և միջպետական կարգավիճակը

Եվրոպական համալսարանը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Բավարիայի «ՕՎՑ-Բայերն»), Իտալիայի Հանրապետության (Հարավային Տիրոլի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա»), Ավստրիայի Հանրապետության («Մասնագիտական աջակցման ինստիտուտ») և Ֆրանսիայի Հանրապետության («Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ») միջև կնքված համաձայնագրերի հիման վրա։ Հաստատության հիմնադրումը վավերացվել է ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 978 որոշմամբ։

Այսօր Եվրոպական համալսարանը Հայաստանում գործող չորս միջպետական բուհերից մեկն է և ներառված է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, ինչն ընդգծում է դրա առանձնահատուկ կարգավիճակն ու ռազմավարական նշանակությունը:

Բոլոնիայի գործընթաց և միջազգայնացում

Համալսարանի կրթական ծրագրերը խարսխված են Բոլոնիայի գործընթացի և համաեվրոպական բարձրագույն կրթության չափորոշիչների վրա։ Ուսումնական պլանների նախնական մշակումն իրականացվել է Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից, իսկ հետագա կատարելագործումը՝ Մարսել 2 համալսարանի գլխավորած եվրոպական առաջատար բուհերի և կրթական կենտրոնների կոնսորցիումի փորձագետների մասնակցությամբ։

Ներկայումս բուհում գործում է.

 11 բակալավրիական կրթական ծրագիր,

 10 մագիստրոսական կրթական ծրագիր,

 6 ասպիրանտական կրթական ծրագիր (առկա և հեռակա համակարգերով)։

Հատկանշական է բուհի միջազգայնացման բարձր ցուցանիշը. ուսանողության շուրջ 20%-ը արտասահմանից ժամանած երիտասարդներ են, ինչը վկայում է հաստատության արտաքին մրցունակության մասին:

Գիտական ներուժ և որակի ապահովում

Կրթական գործընթացին զուգահեռ ԵՀ-ն խորացնում է գիտահետազոտական բաղադրիչը։ 2013 թվականից բուհում գործում է Տնտեսագիտության 060 մասնագիտական խորհուրդը, որը շնորհում է գիտական աստիճաններ՝ նպաստելով հայաստանյան տնտեսագիտական միտքի զարգացմանը:

Համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր հանգրվաններից էր 2018 թվականը, երբ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից հաստատությանը շնորհվեց պետական հավատարմագրում։ Նույն թվականին բուհն անդամակցեց Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիային (EURASHE), ինչը նոր հնարավորություններ բացեց միջազգային ինտեգրման և որակի շարունակական բարելավման համար։

Կառավարման արդիական մոդել և ապակենտրոնացում

Համալսարանի կայացման, ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում ծանրակշիռ ավանդ ունի ԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Դեռևս բուհի հիմնադրման ակունքներում կանգնած լինելով՝ նա տևական ժամանակ հետևողականորեն համակարգում է համալսարանի համակողմանի զարգացման դոկտրինը՝ նպաստելով եվրոպական կրթական կառույցների հետ բարձր մակարդակի քաղաքական և ակադեմիական երկխոսությանը:

Այս ռազմավարական տեսլականն այսօր գործնականում արդյունավետորեն կյանքի է կոչվում ռեկտոր Հեղինե Բիշարյանի օպերատիվ ղեկավարման շնորհիվ, ում կառավարման տարիներին ակտիվացել է կրթական ծրագրերի արդիականացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և ինստիտուցիոնալ առաջընթացի գործընթացը։

Ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ ԵՀ-ի փորձը փաստում է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացվող հեռանկարային ռազմավարությունը և գործադիր օղակի կառավարման ժամանակակից մոդելների համադրումը բուհի հաջողության գլխավոր գրավականն են:

Եվրոպական համալսարանը հաջողությամբ կիրառում է նաև ապակենտրոնացված կրթության մոդելը: Այսօր բուհը լիարժեք գործող մասնաճյուղեր ունի ՀՀ տարբեր մարզերում.

 Գյումրիում,

 Վանաձորում,

 Իջևանում,

 Գավառում,

իսկ Կապանում գործում է համալսարանական բաժանմունք։

Այս աշխարհագրությունը ռազմավարական նշանակություն ունի՝ ապահովելով որակյալ բարձրագույն կրթության հասանելիությունը երկրի ողջ տարածքում։

Հիմնադրումից ավելի քան երկու տասնամյակ անց Եվրոպական համալսարանը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին։ Կրթական համակարգի արդի վերափոխումների փուլում բուհը շարունակում է արդյունավետորեն համադրել ազգային կրթական ավանդույթներն ու եվրոպական առաջադեմ փորձը՝ ձևավորելով մրցունակ ակադեմիական միջավայր և պատրաստելով միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ:

 

Մարգարիտա Դավթյան 

»Մեգանյուզ»լրատվական

 

Այս թեմայով
am