Հայկական մտավոր կապիտալը համախմբելու նախաձեռնություն՝ առանց սահմանների
Լոս Անջելեսում ձևավորված «Pan Armenian Intellectuals Platform»-ը (Համահայկական մտավորականների հարթակ) հավակնում է դառնալ այն միջավայրը, որտեղ աշխարհով մեկ սփռված հայ մասնագետներն ու մտավորականները կկարողանան ոչ միայն շփվել, այլև ստեղծել համագործակցության իրական ցանցեր։
Նախաձեռնության գաղափարական հիմքում ընկած է այն համոզմունքը, որ հայկական աշխարհը, չնայած իր հսկայական մարդկային և մասնագիտական ներուժին, շարունակում է գործել մասնատված ձևով։ Տարբեր երկրներում ապրող գիտնականները, մանկավարժները, բժիշկները, ձեռներեցները, մշակույթի գործիչներն ու հանրային ոլորտի ներկայացուցիչները հաճախ միմյանց մասին տեղեկանում են պատահականորեն և չունեն կայուն հաղորդակցության ու համագործակցության հարթակներ։
Հարթակի հիմնադիր Գևորգ Մանուկյանի խոսքով՝ հենց այդ բացն էր, որ ծնեց նախաձեռնության գաղափարը։ Նրա անձնական և մասնագիտական ճանապարհը՝ Երևանի Չարբախից մինչև կրթական ու պետական կառավարման համակարգ, իսկ հետագայում՝ Միացյալ Նահանգներ, ձևավորել է այն համոզմունքը, որ աշխարհասփյուռ հայության ամենամեծ չօգտագործված ռեսուրսներից մեկը միմյանց հետ չկապակցված մարդկային կապիտալն է։
«Pan Armenian Intellectuals Platform»-ը կառուցվում է մի քանի առանցքային սկզբունքների շուրջ։
Առաջինը սոցիալական հավասարության գաղափարն է։ Այստեղ առաջնային չեն պաշտոնները, տիտղոսներն ու կարգավիճակները։ Նույն քննարկմանը կարող են մասնակցել ինչպես ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնց միավորում է մասնագիտական փորձը, քաղաքակիրթ հաղորդակցությունը և հանրօգուտ գործունեության պատրաստակամությունը։
Երկրորդ կարևոր սկզբունքը բանավեճի մշակույթն է։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ ժամանակակից տեղեկատվական միջավայրում, որտեղ հաճախ գերակշռում են պիտակավորումն ու անձնական վիրավորանքները, անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ քննարկվում են գաղափարներն ու առաջարկները, ոչ թե թիրախավորվում մարդիկ։
Հարթակն ընդգծում է նաև իր անկախությունը։ Այն չի գործում որևէ քաղաքական, կրոնական կամ այլ կազմակերպության հովանու ներքո՝ փորձելով պահպանել ազատ և վստահելի հաղորդակցության միջավայր։
Այսօր նախաձեռնությունը միավորում է մասնակիցների Երևանից, Լոս Անջելեսից, Ռուսաստանից, Կանադայից, Իսպանիայից և այլ երկրներից։ Սակայն դրա նպատակները շատ ավելի լայն են, քան առցանց կամ ֆիզիկական հանդիպումների կազմակերպումը։ Հեռանկարային ծրագրերում են հայկական մասնագիտական ներուժի քարտեզագրումը, փորձագիտական շտեմարանների ձևավորումը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների ստեղծումը։
Meganews-ի դիտարկումը
Վերջին տարիներին ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ հայկական աշխարհի հիմնական մարտահրավերներից մեկը ոչ միայն մարդկային ռեսուրսների պակասն է, այլ դրանց մասնատվածությունը։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հազարավոր հայ մասնագետներ ունեն գիտելիք, փորձ և կապեր, որոնք կարող են ծառայել համազգային նպատակների, սակայն դրանց միջև կապը հաճախ մնում է թույլ կամ պատահական։
Այս տեսանկյունից «Pan Armenian Intellectuals Platform»-ի նման նախաձեռնությունները հետաքրքիր են ոչ միայն որպես քննարկումների հարթակ, այլ որպես համահայկական համագործակցության նոր մոդելի փորձ։ Դրանց հաջողությունը, սակայն, կախված կլինի մեկ կարևոր հանգամանքից՝ արդյոք գաղափարական և մտավոր կապերը ժամանակի ընթացքում կվերածվեն գործնական նախագծերի, մասնագիտական ցանցերի և չափելի արդյունքների։ Եթե դա տեղի ունենա, նման հարթակները կարող են դառնալ հայկական ներուժի համախմբման նոր ինստիտուտներ 21-րդ դարում։
Մ.Դ.
«Մեգանյուզ»լրատվական