Հայաստանի նոր այցեքարտը. հեղինակավոր The Guardian պարբերականի անդրադարձը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցվող Քրիստոսի մոնումենտալ արձանին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին։
The Guardian-ի հոդվածագիր Պյոտր Սաոերը Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցից հետո գրում է․«Ծառուկյանն ընտրել է մի հավակնոտ նախագիծ՝ կառուցել աշխարհի ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը, որը կտեղադրվի Երևանին նայող՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին։ Ոմանց համար սա Հայաստանի դարավոր քրիստոնեական ժառանգության խորհրդանիշն է»: Այնուհետև նա մեջբերում է Գագիկ Ծառուկյանի խոսքը.«Սա Հայաստանի այցեքարտը կլինի: Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»:
Գագիկ Ծառուկյանը հարցազրույցում ուշագրավ բացահայտում է արել. արձանի բացման արարողությանը հրավիրված է լինելու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ ԱՄՆ դեսպանատան միջոցով ձևավորված ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակությունն արդեն այցելել է արձանի կառուցման վայրը։
«Ավարտվելուց հետո 101 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանից մոտ 25 կիլոմետր արևելք գտնվող Հատիս լեռան վրա և տեսանելի կլինի մայրաքաղաքի մեծ մասից։ Ծառուկյանը, ակնհայտ գոհունակությամբ, ընդգծում է, որ այն բարձրությամբ կգերազանցի Բրազիլիայի հանրահայտ Քրիստոս Փրկիչ արձանին և փոքր-ինչ ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի Ազատության արձանը», - շարունակում է հոդվածագիրը:
«Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն ենք: Լիովին բնական է, որ աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը պետք է հենց մենք ունենանք», - ասում է Ծառուկյանը՝ ընդգծելով՝ ամենակարևորն այն է, որ այս հուշարձանը նախատեսված է ոչ միայն հայ հավատացյալների, այլև ամբողջ աշխարհից այցելուների համար։ Ծառուկյանը վստահ է, որ ապագայում տարեկան շուրջ 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայրը։
«Աշխարհում նման բան չկա։ Օվկիանոսից օվկիանոս բոլորը դրա մասին են խոսելու», - վստահությամբ նշում է նա՝ մանրամասնելով, որ Հիսուսի արձանը միայն սկիզբն է։
«Մոտակայքում արդեն սկսվել է մեկ այլ աստվածաշնչյան նախագծի՝ հսկայական Նոյյան տապանի կառուցումը։ Հեռախոսում ցույց տալով նախագծի պատկերները՝ նա պատմում է, որ տապանը կունենա 134 մետր երկարություն, 24 մետր լայնություն և 18 մետր բարձրություն», - եզրափակում է հեղինակը: