Վարչապետը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին․ արդյունքները բավարար չեն

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով MegaNews-ի լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը և արդյոք տեսնում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց, սակայն առկա են նաև մտահոգիչ միտումներ։

«2018 թվականից ի վեր, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ կան լճացման որոշակի ազդակներ»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ ազդակները վկայում են, որ բարեփոխումները պետք է շարունակական լինեն և ավելի խորքային բնույթ կրեն։

«Կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք»,– ընդգծել է նա։

Վարչապետը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մակարդակում բարեփոխումների իրականացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ դեռևս չլուծված խնդիրներ կան։

«Մենք պետք է իրականացնենք «զրո կոռուպցիա» քաղաքականություն։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, սակայն այդ դժգոհությունը նաև ցույց է տալիս, որ երբեմն բավարար վճռականություն չենք ցուցաբերում բարեփոխումները շարունակելու հարցում»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում անհրաժեշտ է գործել առավել հետևողական և վճռական՝ հակակոռուպցիոն պայքարը նոր փուլ տեղափոխելու համար։

Մսրգարիտա Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am