Հայկական բանակի 34 տարին․ կայացման ուղին, կամավորական շարժման դերն ու հիմնադիր ժառանգությունը

Հայկական բանակի հիմնադրման 34-ամյակը հնարավորություն է վերարժևորելու զինված ուժերի անցած ուղին՝ ձևավորման բարդ շրջանից մինչև պետական անվտանգության առանցքային ինստիտուտ դառնալը։ Այս ճանապարհին առանցքային դեր է ունեցել կամավորական շարժումը, որի գաղափարական ու կազմակերպչական հիմքում կանգնած էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Անկախության առաջին տարիներին բանակի ձևավորումն ու կայացումը տեղի են ունեցել լուրջ անվտանգային մարտահրավերների պայմաններում։ Այդ փուլում վճռորոշ նշանակություն է ունեցել հասարակության անմիջական մասնակցությունը պաշտպանական գործընթացներին, կամավորական ջոկատների ներգրավվածությունն ու բանակ–հասարակություն կապի ամրապնդումը։

Հայկական բանակի և Երկրապահ կամավորականների միության հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ձևավորեց այն գաղափարախոսությունը, որի առանցքում բանակն էր՝ որպես պետականության ողնաշար, իսկ կամավորական շարժումը՝ որպես ազգային ինքնակազմակերպման դրսևորում։ Նրա տեսլականը բանակի և հասարակության միասնականության մասին դարձավ պաշտպանական համակարգի կայացման հիմնասյուներից մեկը։

Տարիների ընթացքում այդ գաղափարախոսության կրողներից և շարունակողներից է եղել Երկրապահ կամավորականների միությունը, որը պահպանել է իր նշանակալի դերը թե՛ պատմական, թե՛ ժամանակակից փուլերում՝ նպաստելով բանակի շուրջ համախմբվածության մշակույթի պահպանմանը։

Այս համատեքստում առանձնահատուկ է նաև Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի գործունեությունը։ Նրա անցած մարտական և պետական ուղին սերտորեն կապված է ինչպես բանակի, այնպես էլ Երկրապահի պատմության հետ։ Տարիների ընթացքում նա շարունակել է հանդես գալ որպես բանակի կողքին կանգնած գործիչ՝ կարևորելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի թողած գաղափարական ժառանգության շարունակականությունը։

Հայկական բանակի հիմնադրման 34-ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին՝ բարձր գնահատելով նրա նվիրվածությունը բանակին, կամավորական շարժման գաղափարներին և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ծառայելու երկարամյա ուղին։

Մ.Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am