Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի շնորհավորական ուղերձը
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրելյանը գրում է․
Սիրելի՛ շենգավիթցիներ, հարգարժան գործընկերներ,
Այսօր ամփոփում ենք 2025 թվականը` շրջելով ևս մեկ պատմական էջ բոլորիս կյանքում։
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմը 2025 թվականին արել է հնարավոր առավելագույնը շրջանի շարունակական զարգացման և բնակիչների բարօրության համար։
Այնուհանդերձ, մենք նաև գիտակցում ենք, որ դեռևս շատ չլուծված խնդիրներ կան, սակայն վստահեցնում եմ, որ դրանց համար ունենք հստակ սահմանված լուծումներ և կամք։
Վարչական շրջանն իր գործունեության առանցքում է պահում բնակչին և նրա կարիքները։ Ուստի, ակնկալելով նաև ձեր հոգատար վերաբերմունքը շրջանի և յուրաքանչյուր անհատի նկատմամբ` միասին կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու օրեցօր կհասնենք մեր նպատակներին։
Այսօր նաև երախտագիտության օր է։
Ես շնորհակալ եմ ձեզ` սիրելի բնակիչներ, վարչական շրջանի աշխատակազմ և, իհարկե, համագործակցող կառույցներ, տարեվերջյան անցնցում ու սահուն ավարտը միասնական ներուժով ապահովելու համար։
2026 թվականին ես և իմ թիմը արդեն նոր որդեգրված քաղաքականությամբ, առավել մարդակենտրոն մոտեցումներով և ձեր միասնական աջակցությամբ ձեռնամուխ ենք լինելու նոր թռիչքային զարգացման։
Սիրելի բնակիչներ,
Ամանորը յուրատեսակ սկիզբ է՝ նոր հույսերով և նպատակներով լի։
Թող նոր տարին առողջություն ու երջանկություն բերի ձեր ընտանիքներին, թող մեր երկրի խաղաղությունն անխախտ լինի ու ժողովուրդը` անվտանգ։ Թող լինի անսպառ ձեռքբերումների և բարի գործերի կատարման տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։