Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: Այդ մասինտեղեկացրեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը: Նա նաև նշեց, որ դատարանը 4 միլիարդ դրամի գրավ է սահմանել:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսից, դրանից ժամեր առաջ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանող հայտարարություն էր արել: Ոստիկանները շրջափակել ու խուզարկել էին նրա առանձնատունը:
Կալանավորման ընթացքում Կարապետյանի՝ «իշխանություն զավթելուն» ուղղված կոչի մեղադրանքը լրացվել է «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, հարկերը չվճարելու ու խարդախություն կազմակերպելու» հոդվածներով:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ևս քիչ առաջ հայտնեց, որ դատարանն այսօրվա նիստում որոշել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանել տնային կալանք և գրավ.
«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»: