Կալանքը կիրառվում է հանրային-քաղաքական ակտիվությունը ճնշելու համար. Սոսե Չանդոյան

Meganews.am-ը զրույցել է «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Սոսե Չանդոյանի հետ:

 Տիկին Չանդոյան, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ձերբակալությունների և կալանքի կիրառման աննախադեպ աճ։ Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը որպես պաշտպան։

— Իրավական պետության հիմնասյուներից մեկը անձի ազատության իրավունքն է, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերով։ 2018 թվականից ի վեր, ցավոք, արձանագրում ենք ձերբակալությունների և խափանման միջոց կալանքի կիրառման ոչ համաչափ և հաճախ ոչ հիմնավորված պրակտիկա։ Փաստացի խափանման միջոց կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց, ինչը պարզապես անթույլատրելի է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային որոշումներով հստակ պահանջվում է, որ դատարանները նախապատվություն տան այլընտրանքային, այլ խոսքով՝ անձին ազատությունից չզրկող միջոցներին, պատահակ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերջին փոփոխությունները։ Ցավով պետք է նշեմ, որ հաճախ կալանքի կիրառման մասին դատականակտերը ամբողջությամբ արտացոլում են քննիչի ներկայացրած հիմնավորումները առանց փաստերի համաչափ գնահատման։

— Դուք մշտապես քննադատում եք ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները, կալանքները։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ գործերում։

— Այո, ճիշտ եք նկատել, քննադատում եմ, քանի որառաջնորդվում եմ ոչ թե քաղաքական համակրանքներով, այլ իրավունքի գերակայության սկզբունքով։ Ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործերում ակնհայտ է դառնում քրեական դատավարության քաղաքականացված մոտեցումը։ Ձերբակալությունն ու կալանքը հաճախ կիրառվում են ոչ թե արդարադատության նպատակով, այլ հանրային-քաղաքական ակտիվությունը ճնշելու համար։ 

— Վերջին շրջանում մեծ քննարկումների տեղիք են տվել նաև եկեղեցու դեմ իրականացվող գործընթացները և սրբազանների ազատազրկումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

—Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարվել է անզիջում պատերազմ: Սրբազանների նկատմամբ քրեական հետապնդումները և ազատազրկումները, երբ դրանք չեն հիմնվում անաչառ և համոզիչ ապացույցների վրա, իրավական պետության հետ առնչություն չունեցող վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այստեղ խոսքը ոչ միայն կոնկրետ անձանց իրավունքների մասին է, այլ՝ գլոբալ առումով քրիստոնեության, խղճի, դավանանքի ազատության դեմ պայքարի ։

 Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս գործընթացների շարունակման դեպքում։

— Ինչպես արդեն նշեցի, եթե ձերբակալությունն ու կալանքը իշխանությունների կողմից շարունակվեն կիրառվել որպես ճնշման միջոց, ապա մենք կհայտնվենք իրավական պետությունից հեռացման լուրջ վտանգի առաջ։ Իրավունքի գերակայությունը չի կարող լինել ընտրովի։ Անձի ազատության իրավունքը պաշտպանելի է անկախ քաղաքական դիրքորոշումից, աշխարհայացքից կամ կարգավիճակից։ 

Meganews.am

Այս թեմայով
am