«Ամեն ինչ արգելափակեք». Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են

Չորեքշաբթի վաղ առավոտյան Ֆրանսիայում սկսվել են «Ամեն ինչ արգելափակե՛ք» շարժման կազմակերպած բողոքի ցույցերը: Մասնակիցները խաթարել են երկաթուղային տրանսպորտը, շրջափակել են մայրուղիները, տրանսպորտային ենթակառուցվածքները, տեսարժան վայրերը և դպրոցները: Ցուցարարները բարիկադներ են կառուցել, փորձել են փակել Փարիզի օղակաձև ճանապարհը՝ Եվրոպայի ամենաաշխույժ քաղաքային մայրուղին։

Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն չորեքշաբթի առավոտյան լրագրողներին հայտնել է, որ ամբողջ երկրում տեղակայվել է 80000 անվտանգության աշխատակից, այդ թվում՝ 6000-ը՝ Փարիզում: Նրա խոսքով՝ արդեն ձերբակալվել է մոտ 200 մարդ: Ֆրանսիական լրատվամիջոցները կանխատեսել են, որ ցույցերին կմասնակցի մինչև 100000 մարդ:

Սոցիալական ցանցերի և Telegram ալիքների միջոցով առանց կենտրոնական ղեկավարության կազմակերպված համազգային բողոքի ցույցերը սկսվել են երկուշաբթի վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության անկումից երկու օր անց: Նախագահ Էմանուել Մակրոնը շատ արագ վարչապետի պաշտոնում է նշանակել իր վաղեմի դաշնակից Սեբաստիան Լըկորնյուին:

Ըստ դիտորդների՝ առանց առաջնորդի այս շարժումը թափ է հավաքել գնաճի, խնայողության միջոցառումների և, նրանց բնորոշմամբ, անգործունակ քաղաքական դասի պատճառով: Ի տարբերություն 2018 թվականին «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի՝ այս շարժումը պակաս կազմակերպված է, բայց ունի զգալի առցանց աջակցություն։

Այս թեմայով
am