Իրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները
Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքը փակելու մասին՝ մինչև հետագա ծանուցումը, հայտնում է Ynet-ը։
«Փակման նպատակը ուղևորների և օդանավերի համար ռիսկերը կանխելն ու նվազեցնելն է: Ուղևորներին, ովքեր այսօր պետք է թռչեին Բեն Գուրիոն օդանավակայանից, խորհուրդ է տրվում մնալ տանը և չգալ օդանավակայան», - ասել են պաշտոնյաները:
Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է իսրայելական հարձակման ֆոնին բոլոր չվերթների դադարեցման մասին, հայտնում է Tasnim-ը։
Իրենց երկրների օդային տարածքները փակելու մասին են հայտարարել նաև տարածաշրջանի երկրները՝ Իրաքը, Սիրիան և Հորդանանը:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել, ցանկացած տիպի հավաքները, կրթությունն ու ձեռնարկություններում աշխատանքը արգելվել են։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը այդ միջոցը բացատրել է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածով։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։