Ջո Բայդենն այցելել է Նոր Օռլեան, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն այցելել է Նոր Օռլեան, որտեղ Ամանորին տեղի էր ունեցել հարձակում։ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, մինչև հոգեհանգստի արարողության համար եկեղեցի այցելելը, կանգ են առել 14 մարդու կյանք խլած հարձակման վայրում՝ Բուրբոն փողոցում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Առաջին տիկինը ծաղկեփունջ է դրել ժամանակավոր հուշահամալիրի առջև։ Նախագահը կանգնել է կնոջ հետ և խաչակնքվել։

ԱՄՆ բանակի վետերանը բեռնատարով մխրճվել էր ամբոխի մեջ: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։
Բեռնատարի վարորդը՝ Տեխասի բնակիչ Շամսուդ-Դին Ջաբբարը, սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ 42-ամյա տղամարդը, ով հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը, գործել է ինքնուրույն:

«Ես գիտեմ, որ նման իրադարձությունները ծանր են, ցնցումն ու ցավը դեռևս շատ խորն են։ Մենք գիտենք, թե ինչ է մեր հոգուց մի կտոր կորցնելը»,-ասել է Բայդենը ներկաներին:
Ինչպես գրում է Reuters-ը, Բայդենը, ինչպես նաև իրենից առաջ մյուս նախագահները, իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ ճամփորդություններ է կատարել բնական աղետներից կամ բռնության ակտերից հետո համայնքներին սփոփելու համար: