#WSJ-ն հայտնել է Microsoft-ի գլոբալ խափանման պատճառը
Windows-ի աշխատանքում գլոբալ տեխնիկական սխալը տեղի է ունեցել Microsoft-ի և Եվրոհանձնաժողովի համաձայնության պատճառով, ըստ որի՝ ընկերությունն օպերացիոն համակարգին լիարժեք հասանելիություն է տրամադրել պաշտպանության ծրագրային ապահովումը ստեղծողներին, գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես փոխանցում է РБК-ն, ըստ պարբերականի տվյալների՝ Windows-ի բաց կառուցվածքը մշակողներին թույլ է տալիս ստեղծել ծրագրային հզոր ապահովում, որը շատ խորը մակարդակով փոխգործակցում է օպերացիոն համակարգի հետ։ Նյութում նշվում է, որ սխալների արդյունքը կարող է աղետալի լինել, ինչն էլ տեղի է ունեցել գործնականում։
«Microsoft-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը չի կարող օրինական կերպով պաշտպանել իր օպերացիոն համակարգն այնպես, ինչպես դա արեց Apple-ը՝ Եվրոհանձնաժողովի հետ համաձայնագրի պատճառով, որը կնքվել էր բողոքից հետո»,- հայտնել է WSJ-ն։
Ավելի վաղ փորձագետները գնահատել են, որ տեղի ունեցած «համակարգչային ապոկալիպսիսը» միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել։ Խափանումն ազդել է ամբողջ աշխարհում բանկերի, օդանավակայանների, հիվանդանոցների, պետական հաստատությունների և կապի օպերատորների աշխատանքի վրա: