Մեծ Բրիտանիայի ԳՇ պետը կոչ է արել պատրաստվել մեծ պատերազմի
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Պատրիկ Սանդերսը հայտարարել է, որ Բրիտանիան այլևս չի կարող հույս դնել փոքր պրոֆեսիոնալ բանակի վրա և պետք է պատրաստի «քաղաքացիների բանակ» լայնածավալ ցամաքային պատերազմի դեպքում, հայտնում է BBC-ն։
Չորեքշաբթի օրը Լոնդոնում զրահատեխնիկայի միջազգային կոնֆերանսում ելույթ ունենալով՝ գեներալ Սանդերսը ուղղակիորեն չի ասել, որ այս պատերազմը լինելու է Ռուսաստանի հետ, բայց նա նշել է, որ դա հենց ռուսական սպառնալիքը հետ մղելու համար է, որ Մեծ Բրիտանիայի դաշնակիցները պատրաստվում են Եվրոպայի արևելքում և հյուսիսում։
«Քաղաքացիների բանակ» ասելով Գլխավոր շտաբի պետը նկատի ունի ոչ թե զինծառայության զորակոչի ներմուծումը, որին կտրականապես դեմ է կառավարությունը, այլ ռեզերվի պատրաստում և բանակում այնպիսի կառույցի ստեղծում, որը թույլ կտա արագ մեծ թվով կենդանի ուժ մոբիլիզացնել, զինել և տեղակայել։