«Հակառակ պարագայում նրան պարզապես կօգտագործեն ու դեն կնետեն»․ Լուկաշենկոն վստահ է՝ Հայաստանը Ռուսաստանից չի հեռանա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ-Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը իր դաշնակիցների հետ։

Հարցին՝ «Մեր բարեկամների շարքից Հայաստանւ դուրս կմնա՞», Բելառուսի նախագահը պատասխանել է․

«Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, ապա մենք նրան կարող ենք և կորցնել, բայց ես այն կարծիքին չեմ, թե հայերը հիմար մարդիկ են։ Նրանք խելացի մարդիկ են։ Այդ պատճառով էլ՝ ոչ, ես այդպիսի մտահոգություն չունեմ»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ հակառակ պարագայում Հայաստանին պարզապես «կօգտագործեն ու դեն կնետեն»։

«Կարծում եք՝ այդպիսի բան չի լինի՞։ Կլինի։ Դա նրանց (Արևմուտքի, ԱՄՆ-ի-խմբ․) քաղաքականությունն է։ Իսկ հայերը խելացի ժողովուրդ են, խելացի մարդիկ են, նրանք հասկանում են, որ այդպես էլ կլինի»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ Եվրոպան էական ոչնչով չի կարող օգնել Հայաստանին։

«Ո՞վ է նրանց՝ հայերին, օգնելու։ Եվրոպան, Ֆրանսիան փորձում են ինչ-որ բան անել, բայց դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում Ֆրանսիայում, այնտեղ սեփական խնդիրները դեռ պետք է լուծեն, հետո նոր «խցկվեն» Կովկաս։ Նրանք իրենց իսկ խնդիրները չեն կարողանում լուծել։ Դա հայերը տեսնում են, հավատացեք։ Այն, ինչ հրապարակային է կատարվում, մի բան է, այն, ինչ չի երևում՝ բոլորովին այլ։ Դրանում է քաղաքականության բնույթը։ Այնտեղ պրոցեսներ են ընթանում, և ահա՝ այդ պրոցեսներից ելնելով էլ Հայաստանը հաստատ մեզ հետ կինի, քանի որ հենց այստեղ է նրա զարգացման ամենակարևոր ուղղությունը»,- ասել է Լուկաշենկոն։

Այս թեմայով
am