Գառնիում ընտրություններ են․ ո՞վ է ուզում դառնալ համայնքի ղեկավար
ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Կոտայքի մարզը լինելու է սպասվող ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ Բացառություն չէ նաև Գառնին, որտեղ ՏԻՄ ընտրություններ են սպասվում հոկտեմբերի 25-ին։Գառնի համայնքի գործող համայնքապետը Տիգրան Պողոսյանն է, սակայն լուրեր կան, որ ՔՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ թեկնածու առաջադրելու տարբերակը։
Ո՞վ է Տիգրան Պողոսյանը
1991 թվականին ծնված համայնքապետը կրթությունը ստացել է Հայաստանի ագրարային համալսարանի «Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում»բաժնում, որը ավարտել է 2017 թվականին՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։
Համալսարանում սովորելու վերջին տարվա ընթացքում եղել է Գառնիի ավագանու անդամ։ Ավարտելուց հետո աշխատել է Գառնիի համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետ, որից 2 տարի անց մի քանի ամսով եղել է համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր մասնագետ, այնուհետև նշանակվել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Իսկ արդեն 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստանձնել է համայնքապետի պաշտոնը։
Պողոսյանը իր պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է համայնքի բնակիչների դժգոհության առիթ ստեղծել։ Նախորդ տարվա փետրվարին Գառնի համայնքի մեջ մտնող Ողջաբերդ գյուղի բնակիչները փողոց էին դուրս եկել․ համայնքապետը գյուղի վարչական ղեկավար էր նշանակել նախկին գյուղապետի որդուն, իսկ գյուղացիները պահանջում էին վերադարձնել այդ ժամանակվա գյուղապետ Աշոտ Մուշեղյանին։
Պողոսյանը նաև հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ Գողթ համայնքում գյուղատնտեսական հողերի վնասման գործի շրջանակներում։
Ինչպես 2 տարի առաջ հայտնել էր ArmLur.am-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել էին 5811քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։
Հողային աշխատանքները կատարվել էին փաստաթղթային հիմքերի բացակայությամբ։Պողոսյանի նկատմամբ նշանակվել էր վարչական տուգանք՝ 50.000դր և ներկայացվել էր 224.537դր շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։