Հայտնի է՝ Հայկ Սարգսյանի բերած քրեական հեղինակության անունը․ բացառիկ մանրամասներ

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին, հայտարարել էր, որ վերջինս կապ ունի քրեական հեղինակության հետ և նրանցից մեկին ներկայացրել էր, որպես հոր «ընկեր»։

«Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում, երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինա Ղազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:

Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, ովքեր կարող են փաստել»,- նշել էր Սիմոնյանը:

Ինչ է կատարվել իրականում, ով է քրեական այդ հեղինակությունը, Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես, Ալեն Սիմոնյանի հիշատակած քրեական հեղինակությունը Նորայր Թևանյանն է եղել, որն առավել հայտնի է «Ախալքալաքցի Նորո» անվամբ։ Նա ռուսաստանաբնակ հայ գործարար, Մոսկվայի հայ համայնքի և «Վիրահայերի միասնություն» կազմակերպության խորհրդի նախագահն է։

Հայկ Սարգսյանը նրան ԱԺ այդ ժամանակվա ղեկավարին ներկայացրել է որպես հոր ընկեր։ Դա եղել է 4 տարի առաջ, երբ հայ պատվիրակությունը Սիմոնյանի գլխավորությամբ մեկնել էր Մոսկվա։

Հյուրանոցի նախասրահում  են հավաքված եղել, երբ Հայկ Սարգսյանը ցանկացել է, որ հոր «ընկերը» գա և ծանոթանա Սիմոնյանի ու ներկաների հետ։

Մոսկվայում տեղի ունեցածը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանը, միայն, թե ասաց, որ չգիտի, թե ով է եղել այդ մարդը։ «Մենք նստած էինք ֆոյեյում, շատ անհարգալից է վերաբերվել մեր պատվիրակությանը։ Մենք նստած էինք պատգամավորներով, նստած էր նաև պարոն Սիմոնյանը, սպասում էինք, որ գնայինք սենյակներով, տհաճ իրավիճակ էր»,- ասաց Ղազարյանը։ Նա նշեց, որ նախկինում երբեք այդ մարդուն չի տեսել, ուղղակի զարմացած է եղել դրսևորած  պահվածքից։ «Ես չէի իմանում ինքը ովա, ես իրան մի երկու լավ բան ասել եմ, որ պետք է հարգել մեր ինստիտուտները։ Եկել մեր հետ նստել էր, ես էլ զարմացած նայում էի, թե ով է, ինչի է եկել նստել, մենք չէինք ճանաչում, ինքն էլ՝ մեզ, ու իրեն թվում էր, թե մենք պետք է իմանայինք ով է ինքը»,- պատմեց Մարինա Ղազարյանը։  Դրանից հետո նրա խոսքով՝ և Ալեն Սիմոնյանը և պատվիրակության մյուս անդամները թողել հեռացել են, իսկ ինքը Հայկ Սարգսյանին որեւէ հարց չի տվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք նաև գրել էիք, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի և Հայկ Սարգսյանին կհեռացնեն կուսակցության շարքերից։

Այս թեմայով
am