Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը

Սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս օրը ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի  հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի  չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Երևանի քրեական ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Ռոման Սելիկյանն է։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են նաև, որ նույն օրը Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ․ Սելիկյանի հետ վիճաբանել, ապա պարանոցի հատվածում նրան վնասվածք է պատճառել 50-ամյա Վարդան Դալաքյանը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում են Վ․ Դալաքյանին և տեղափոխում Երևանի քրեական ոստիկանություն։

Փաստերի ճնշման տակ Վ․ Դալաքյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը, որից հետո նրան և դանակը կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին ։

Դեպքի փաստով սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Սելիկյանն աշխատում է «Վիվա Արմենիա»-ում։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վիճաբանությունը, հետո դանակահարությունը, այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

Այս թեմայով
am