Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների. պետք է դիմում ներկայացնել

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են  հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պարզաբանման մեջ նշված է.

«Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է  երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով 

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից  հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը»։

 

Այս թեմայով
am