Մերկասառույց, անգործություն և մահ․ ողբերգություն Գեղարքունիքում՝ «Քյավառ սերվիսի» անպատասխանատու աշխատանքի հետևանքով
Այսօր՝ հունվարի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը ճանապարհի ամբողջական մերկասառույցն է եղել։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան–Մարտունի–Ագետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է։ Մահացածը վարորդի մայրն էր։ Վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած ծառայությունների և Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհը ամբողջությամբ մերկասառույց է եղել և չի մշակվել աղ-ավազի խառնուրդով։ Տեղում հավաքվածների խոսքով՝ տվյալ ճանապարհահատվածը սպասարկող ընկերությունը՝ «Քյավառ սերվիս»-ը, մատը մատին չի տվել, ինչն էլ դարձել է ողբերգության անմիջական պատճառ։
MegaNews-ի տեղեկություններով, «Քյավառ սերվիս»-ը կնքել է 5 տարվա պայմանագիր, որի շրջանակում տարեկան ստանում է շուրջ 100 մլն դրամ (ընդհանուր՝ մոտ 500 մլն դրամ)՝ Գավառի և հարակից ճանապարհները մարդավարի սպասարկելու համար։ Սակայն իրականությունը՝ մերկասառույց ճանապարհ ու մարդկային կյանք է խլել։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինը պարզում է հանգամանքներն ու պատասխանատուների շրջանակը։
Երբ ճանապարհները չեն սպասարկվում, վճարում են քաղաքացիները՝ կյանքով։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի