«ՏաԹևեր» ճոպանուղին 15 տարեկան է և կրկին ներկայացվել է World Travel Awards-ի մրցանակի

«Տաթևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում:
«Տաթևեր» ճոպանուղին այս 15 տարվա ընթացքում դարձել է Հայաստանի զբոսաշրջային խորհրդանիշներից մեկը: Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար (5752մ) հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր ունեցավ ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ու երեք անգամ միջազգային մրցանակ բերելով Հայաստանին:
Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին հետևյալ կերպ էր բացատրել ճոպանուղու նշանակությունը. «Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա և հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ և իրապես փոխել իրավիճակը երկրում»:
Հիմա՝ ճոպանուղու գործարկումից 15 տարի անց ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի տեսլականն իրականություն է դարձել՝ ինչպես Հայաստանին ճանաչում բերելու, այնպես էլ զարգացման կատալիզատոր դառնալու առումով:
Այս տասնհինգ տարվա ընթացքում «Տաթևեր»-ից օգտվել է շուրջ 1,5 միլիոն ուղևոր։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք: Մարզի զբոսաշրջային հոսքը աճել է 17 անգամ, իսկ ներդրումների ծավալն ավելացել է 11 անգամ: Զբոսաշրջային հոսքերը խթանել են նաև հյուրատնային բիզնեսի զարգացմանը. Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում մոտ 40 նոր հյուրատներ են բացվել:
Տաթևը դարձել է նաև մշակութային միջոցառումների և փառատոների անցկացման լավագույն վայր․ այստեղ անցկացվել են BASE jump փառատոնը (8 երկրից 400 մասնակցով), ոչխարների խուզման փառատոնը (ավելի քան 8,000 հյուրով), Music Fest և «Սարերում» իմերսիվ փառատոնները (յուրաքանչյուրը շուրջ 2,000 հյուրով), ինչպես նաև ավանդական Տրնդեզի տոնակատարություններ, Կոմիտասի 150-ամյակի միջոցառումները և բազմաթիվ այլ նախաձեռնություններ։
«Տաթևեր»-ը ոչ միայն զբոսաշրջիկներին տանում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը, այլև «ուղեկցում» դեպի միջնադարյան վանական համալիր՝ ի ցույց դնելով մեր ժողովրդի անցյալի ժառանգությունը:
Այս տարի ևս «Տաթևեր»-ը, հոբելյանի նախաշեմին, հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում: Այս նույն անվանակարգում հայկական ճոպանուղին հաղթող է ճանաչվել նաև 2021, 2023 և 2024 թվականներին: «Տաթևեր»-ն այս տարի մրցակցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ:
Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «Տաթևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը.
Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
Գրանցվել էլեկտրոնային փոստով
Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
Սեղմել Start Voting կոճակը
Ընտրել World բաժինը
Ընտրել 64 -րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2025
Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։
Քվեարկությունը կշարունակվի մինչև 2025 թ: հոկտեմբերի 26-ը
«Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Տաթևի վերածննդի։ Ծրագրի նպատակն էր ոչ միայն ճոպանուղու կառուցումը, այլև Տաթևի վանքի վերականգնումը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը նպաստելը։ Ծրագրի ամբողջ հասույթը ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։
World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․-ին և, այդ ժամանակից ի վեր, ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: