Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը
ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգովսահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:
Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ:
Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:
Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից):
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի 2024 թվականի մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք: