579 հիվանդ հոսպիտալացվել է, որից 87-ը վերակենդանացման բաժանմունքում է․ կանխատեսվում է սուր շնչառական վարակների աճ. Համաճարակաբան
2024թ.-ի ընթացիկ շաբաթվա մեջ նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ պնդելով, որ հանրապետությունում արտառոց իրավիճակ չկա։
«Հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,1 անգամ, իսկ 23թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ցածր է 1,2 անգամ։ Արտառոց իրավիճակ չունենք, բավականին նորմալ է, այն առումով, որ գնում ենք սուր շնչառական սեզոնին համահունչ»,-ասաց նա։
Ռոմելլա Աբովյանը միաժամանակ նշեց, որ կանխատեսում են առաջիկայում հիվանդացության աճ՝ կապված նրա հետ, որ ուսումնական հաստատությունները վերաբացվել են։
Չնայած նվազման միտմանը՝ ըստ նրա, հունվարի 7-ի դրությամբ հոսպիտալացվել է 579 հիվանդ, որից 90%-ը 0-18 տարեկան երեխաներն են։
«Ընդհանուր դեպքերի 70%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 18%-ով՝ թոքաբորբով պայմանավորված։ Այս պահի դրությամբ թոքաբորբով ունենք 181 հիվանդ, որից 62%-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Վերակենդանացման բաժանմունքում ունենք 87 պացիենտ, որի 95%-ը 0-18 տարեկան երեխաներն են»,-ասաց նա։
Մասնագետը նկատեց, որ այս տարի հետաքրքիր է այն իմաստով, որ շրջանառվում են գրիպի վիրուսի տարատեսակ շտամներ՝ H3N2 ենթատեսակը, H1N1 (խոզի գրիպ) ենթատեսակը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի հարուցիչներն են տարածված։
«Կունենա բարդություն, եթե ժամանակին չդիմեն, վերածվում է թոքաբորբի, դրա համար հենց նախանշաններ կան, պետք է դիմեն առաջնային պահպանման օղակ՝ բուժօգնություն ստանալու համար»,-ասաց նա։
Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ «Բացի այդ մահերը չենք հավաքագրում, հետո դժվար է իմանալ ինչից է մահացել H1-ից, թե H3-ից, որովհետև որևէ բժշկական հաստատություն այդ հետազոտությունները չի անում, միայն արվում է՝ շրջանառվող շտամները պարզելու համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոմելլա Աբովյանը հայտարարել էր, որ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից 2 մահվան դեպք է գրանցվել։
ՀՎԿԿ համաճարակաբանության վարչության պետը նաև նշեց, որ միջազգային իրավիճակն են դիտարկել և եվրոպական տարածջանի երկրներում ևս հիվանդացությունը բարձր է 0-18 տարեկան երեխաների մոտ, և հիմնականում արձանագրվում են նույն վիրուսները։
«Հիշենք, որ մենք գտնվում ենք սուր շնչառական վարակների սեզոնիում, որը հոկտեմբերից է սկսվել, այսինքն՝ այդ հիվանդացության աճերը բնորոշ են սեզոնին, եթե նախորդ տարվա համեմատ դիտարկենք, այս տարի ավելի ցածր ենք։ Մենք ամենօրյա վերլուծություն ենք անում, եթե կտրուկ աճ լինի և կանխալու համար նպատակահարմար լինի միջոցներ կիրառել, մենք նպատակային կանխարգելիչ միջոցառումներ կառաջարկենք։ Այս պահի դրությամբ միակ առաջարկը և խորհուրդը պատվաստվելն է գրիպի նկատմամբ, ախտանշաններ ունենալու դեպքում չշփվել այլ մարդկանց հետ, կամ կրել դիմակներ»,-ասաց նա։