Սահմանադրության նախագծում երեխաների իրավունքներին վերաբերող դրույթները ծայրահեղ մտահոգիչ են․ Դավիթ Թումասյան
Նոր Սահմանադրության նախագիծը արդեն հասցրել է արժանանալ տարբեր ոլորտի մասնագետների խիստ քննադատությանը։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ նախագծի բովանդակությունը ծայրահեղ մտահոգիչ է, մասնավորապես, երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ որոշ դրույթներ կարող են հետագայում իրավական խնդիրներ առաջացնել։
«Մասնավորապես, նշված չէ, որ երեխաները հնարավորություն ունեն շփվելու նաև ընտանիքի այլ անդամների, մերձավոր ազգականների հետ, միայն ծնողների մասն է շեշտված։ Հաջորդը՝ չի նշվում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, այլ զուտ դեկլարատիվ ասվում է, թե դրան պետք է առաջնային նշանակություն տրվի։
Բացի այդ, երեխաներին առնչվող բավականին շատ այլ կարևոր հարցեր ևս չեն նշվել, իսկ դա կարևոր է, որպեսզի հետագայում իրավունքի բոլոր ճյուղերում միատեսակ կիրառվեն։ Օրինակ՝ չկա երեխայի տարիքը և այդ տարիքը լրանալու հետ կապված որոշակի գործողությունները։
Միևնույն ժամանակ, քանի որ երեխան օժտված է մարդու իրավունքներով, ամենավիճահարույց կետերից մեկն այն է, որ եթե մենք ունենանք վատթարացնող օրենք, այն կարող է ունենալ հետադարձ ուժ, եթե վերաբերում է հանրային որոշակի շահերի։
Նման մոտեցումն իր կարգավիճակային փոփոխություններով կարող է շատ վատ վիճակի մեջ դնել բազմաթիվ մարդկանց, ներառյալ՝ երեխաներին, և այդ հանրային շահի տեսանկյունից մեկնաբանությունն ինչ-որ պահի կարող է դառնալ կամայական»։
Թումասյանը նաև ընդգծում է՝ գործող Ընտանեկան օրենսգիրքը ևս նախատեսում է, որ ծնողական իրավունքներից զրկումը կամ սահմանափակումը իրականացվեն բացառապես դատական կարգով, բայց կան անցումային փուլեր, որոնց պայմաններում երեխային կարող են զրկել ծնողական խնամքից, եթե ծնողը երեխայի կյանքի կամ առողջության համար վտանգավոր պայմաններ է ստեղծում․
«Օրինակ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը տնայց կատարելիս տեսնում է, որ երեխան բնակվում է առնետների հետ, կամ երեխան ամբողջությամբ կեղտի մեջ է և բժշկական օգնություն չի ստանում։ Այդ մարմինը կարող է արդեն նախաձեռնել գործընթաց՝ այդ երեխային ընտանիքից վերցնելու և ծնողին ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ։ Եթե մենք սահմանադրական երաշխիք ենք տալիս, որ դա բացառապես իրականացվելու է դատական կարգով, նշանակում է՝ այդ մարմինը կզրկվի նման հնարավորությունից և այլևս չի կարողանա այցի արդյունքում, հրատապության ռեժիմով իրականացնել երեխաներին փրկելու, օգնելու գործողություններ»։
Նախքան նախագիծը հանրությանը ներկայացնելը չեն եղել մասնագիտկան քննարկումներ, այս առնչությամբ Դավիթ Թումասյանն ասում է.
«Թե՛ տարբեր պետական կառույցներ, թե՛ միջազգային կառույցներ, թե՛ հասարակական կազմակերպություններ ունեն բավականին մեծ ներուժ, և այդ ներուժը Սահմանադրություն գրելիս չօգտագործելը ճիշտ չէ՝ առավել ևս այն դեպքում, որ մենք ունենք նեղ մասնագիտական և ներճյուղային որոշակի հասցեատեր, մասնավորապես՝ երեխաների իրավունքների ոլորտը։ Ունենք իրավունքի տեսակներ, որոնց դեպքում չի նշվում, որ մանրամասները կկարգավորվեն օրենքով, դա կարող է նաև հետագայում խնդիրներ առաջացնել ենթաօրենսդրական և այլ կարգավորումներ ու ձևակերպումներ տալու ժամանակ։
Եթե լինի նման քննարկում, ես կմասնակցեմ , բայց ընդամենը որպես փաստ դրվել է քննարկման տեքստ, որի բովանդակությունը ծայրահեղ մտահոգիչ է»։
Դավիթ Թումասյանի խոսքով՝ կարելի է նաև ոչ դոգմատիկ լուծումներ առաջարկել.
«Օրինակ՝ կարող ենք հոդվածում գրել, որ երեխան մինչև 18 տարեկան է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով էմանսիպացվել է, այսինքն՝ ճանաչվել է լրիվ գործունակ։ Կամ, օրինակ, նույն երեխայի լավագույն շահերի մասով ձևակերպում տալ։ Անգամ լուծումներն են մի քանիսը, պետք է մասնագիտական մոտեցմամբ ընտրվի այն լուծումը, որը որպես սահմանադրական երաշխիք կներկայացվի Սահմանադրությունում»։
Փորձագետը նաև մտահոգություն ունի, որ նոր Սահմանադրության ընդունումը հանգեցնելու է ոչ միայն օրենքների, այլև ենթաօրենսդրական ակտերի փոփոխության․
«Ելնելով այն բովանդակությունից, որն արդեն առկա է մարդու իրավունքներին վերաբերող հոդվածի շրջանակում, միանշանակ շատ էական փոփոխություններ են լինելու, որոնք ոչ միշտ են դրական ազդելու տարբեր իրավիճակների վրա։ Եվ այդ ռիսկերը հաշվի չառնելով՝ նման Սահմանադրություն ընդունելը շատ վտանգավոր է։ Մենք ընդունում ենք մի փաստաթուղթ, որը լինելու է մայր օրենք, և որևէ այլ օրենք չի կարողանալու հակասել դրան։
Այստեղ լրացուցիչ վտանգ է առաջանում նաև այն առումով, որ Սահմանադրության մեջ թերի կարգավորումները հնարավորություն չեն տալու օրենքներում կատարել համապատասխան կարգավորումներ։ Այսինքն՝ պատահական չէ, որ Սահմանադրության մեջ մի իրավունքի պարագայում նշվում է, որ այն հետագայում օրենքներում պետք է մանրամասնվի, իսկ մյուս իրավունքի պարագայում նման դրույթ չկա։
Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մենք կարո՞ղ ենք ընդունել այդ օրենքը, թե՞ ոչ»։