ՀՀ ԱԳՄԱ նախարարը և ԵՄ ու անդամ պետությունների դեսպանները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր
Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել են ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը։
Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության արդյունավետ շարունակություն, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններ, ժողովրդավարական դիմակայունության ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, «Աճ և դիմակայունություն» ծրագրի հետևողական իրականացում, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում դինամիկ առաջընթաց և այլ ուղղություններ. հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը։




+2
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ ու թվային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում կարևորվել են ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերությունը։
Անդրադարձ է կատարվել առևտրի դիվերսիֆիկացմանը, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ-ի կողմից տրամադրված ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը, արտահանման առկա դրական շարժին, առաջիկա անելիքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումները։