Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրու ավագանու ընտրություններում առաջադրվել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրացուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը։ Հարապետյանը 5 տարի է, ինչ ղեկավարում է Մեղրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Հայրապետյանին օրերս կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի գործով։ Վերջինիս մեղադրում են «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաեւ՝ այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու մեջ»։
Արմեն Հայրապետյանն ավագանու նիստում կողմ է քվեարկել այդ հանքը շահագործելու որոշմանը։ Նա մտերիմ է Անդրեասյանի հետ եւ նրա ջանքերով է սեփականաշնորհել Մեղրիի կոմունալ տնտեսության շենքի մի մասը, որի մի մասն էլ տարիներ առաջ գնել է նրա հայրը՝ կոմունալի նախկին պետը։ Այդ սեփականաշնորհումը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց Մեղրիում, բայց մնաց անհետեւանք։ Այժմ կոմունալի շենքը պատկանում է Հայրապետյանների ընտանիքին՝ ծառայում է որպես հյուրանոց։
Այս և այլ հարցերի պարզաբանման համար փորձեցինք կապ հաստատել Արմեն Հայրապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ քարոզարշավի է, չի կարող պատասխանել հարցերին ու դրանց կպատասխանի գրավոր։
Ի տարբերություն թեկնածուի, նրա հայրը՝ Վարդան Հայրապետյանը, որը Մեղրիի կոմունալ-տնտեսության տնօրեն աշխատած տարիներին էլ՝ սեփականաշնորհել է ընկերությունը, պատասխանեց մեր հարցերին։ Ըստ նրա՝ դեռ 90-ականներին սեփականաշնորհման գործընթաց է եղել և ինքն ու իր աշխատակիցները բաժնետոմսերի մեծ մասը ձեռք են բերել։ Մենք հետաքրքրվեցինք պատահակա՞ն է ստացվել, որ շահեկան վայրում գտնվող շենքը հենց իրենց է բաժին հասել, հետո այնտեղ հյուրանոց է կառուցվել։
«Անընդհատ գույքահարկ էր ձևավորվում, պարտքեր, պարտքեր, պարտքեր ու իմ անձնական նախաձեռնությամբ փոքրիկ հյուրանոց ենք դարձրել։ Սենյակ ենք պատրաստել, վարձով տվել՝ տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է եղել։ Կամաց-կամաց, որպեսզի վարձը տան՝ հարկերն ու տուրքերը տանք, տնտեսությունը հողին չհավասարվի։ Դա տևել է 2000թ-ից մինչև էսօր։ Հլա չի էլ ավարտվել էդ ներդրումները, տարեկան 5մլն-10 մլն ներդրում ենք անում՝ հյուրանոցային տնտեսությունը զարգացնելու, պահպանելու և ինչու չէ՝ մի երկու կոպեկ փող աշխատելու։ Զարմանալի կլիներ, որ մարդը բիզնես աներ, փող էլ չաշխատի, աշխատավարձ տա, և՛ այլն, և՛ այլն »,-մանրամասնեց նա։
Թեկնածուի հայրը, աշխատավարձեր տալու մասին խոսելիս, միայն թե մոռացել էր ասել, որ համայնքում խոսում են այն մասին, որ ինքն իր աշխատակիցներին դեռ պարտք է․
«Դա լրիվ անհիմն է, իհարկե ուշացումով, մեկ-երկու տարի հետո, բայց բոլոր աշխատողներին աշխատավարձ տվել ենք»։
Ինչ վերաբերում է նրան, որ որդին՝ Արմեն Հայրապետյանը հարցաքննվել է ընդերքի ապօրինի շահագործման գործով, վերջինս կողմ էր քվեարկել նախագծին որպես ավագանու անդամ, ապա Վարդան Հայրապետյանն ասաց․
«Հա, ի՞նչ անենք։ Ցանկացած հարցը եթե մտնում է ավագանու որոշում կայացնելուն, եթե ավագանին պիտի քվեարկի, դա իրենց իրավունքն է։ Ցանկացած մարդ կարա ձեռնպահ քվեարկի, դեմ քվեարկի, կողմ քվեարկի։ Ինքը տենց է մտածել, տենց է քվեարկել։ Եթե նայենք ավագանու որոշումներին, էդ նույն Խաչատուր Անդրեասյանի ժամանակ, դրանից առաջ, մի 20 նիստից 18-ը հաստատ դեմ է քվեարկել», -որդուն արդարացրեց Վարդան Հայրապետյանը։
Մեր դիտարկմանը, թե համայնքում նաև վստահ են, որ որդին հիմա չի կարող ընտրություններում շանսեր ունենալ, որովհետև ավագանու մանդատըր ծառայեցրել է իր շահերին Վարդան Հայրապետյանն ասաց․
«Ընտրություններից հետո կտեսնենք Հայրապետյան Վարդանը ինչքան վստահություն ուներ տարածաշրջանում․․․․»։
Վարդան Հայրապետյանի պատասխանից հարց առաջացավ՝ ինքը մտածում է, որդին իր շվաքի ներքո կարող է հաջողություն գրանցել։
«Մի հատ նայեք էլի՝ 30-35 հազար հետևորդ նայում են իրա քարոզարշավի նյութերը։ Մի հատ նայեք էլի՝ իրականում էդ մարդը արժանի է թեկնածությունը դնելու, հաղթելու կամ չհաղթելու»,- գովերգեց որդուն հայրը։