Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP-ի ենթակառուցվածքների ուսումնասիրման նպատակով Սյունիքի մարզ այցելությունից

Մենք երեկ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք այցելել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանում էինք ենթակառուցվածքներին: Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքներին, լարանցմանը: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին մարզ այցելությանը,  որի նպատակն էր TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելը:

«Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, այդտեղ մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք, տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, բայց այն, թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում ենք՝ ակնհայտ է, քննարկելու բան չկա: Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն:

Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր կան դեռևս, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ, իրո՛ք բարդ անցանելի հատվածներ, և, բնականաբար, մեր վերջնական լուծումն այնպիսին պիտի լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով:

Էլեկտրահաղորդման գծերի հետ կապված՝ կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է: Այնտեղ, իհարկե, վերջնականացնելու բաներ ևս կան, դա էլ կմոդելավորենք, և կարծում եմ՝ այս երեք ենթակառուցվածքի մասով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքներ՝ չսպասելով մինչև TDC-ի (TRIPP Development Company US- խմբ.) ձևավորումն ամփոփելը»,- ասաց նա:

Ըստ փոխվարչապետի՝ որպեսզի ժամանակ չծախսվի, պետք է նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից: Շուտով նաև ավելի կոնկրետ էսքիզներ կներկայացվեն քննարկման, որից հետո իրական նախագծման աշխատանքները կմեկնարկեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մտնում ենք գործնականացման փուլ, իսկ ТRIPP զարգացման ընկերությունը (ԱՄՆ) հիմնադրման վերջնական փուլում է, երբ ընկերությունը կհիմնադրվի, մեր կատարած աշխատանքը կփոխանցվի ընկերությանը:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ТRIPP-ին առնչվող նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում, ապա անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած՝ նախագծին առնչվող քննարկմանը՝ հույս հայտնեց, որ կա հետաքրքրություն TRIPP-ի և խաղաղության փաստաթղթի ստորագրման առումով:

Այս թեմայով
am