«Զինվորական լինելը մեծ պատիվ է». Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ՀՀ գլխավոր զինկոմ Գևորգ Մխեյանը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Հանրապետության գլխավոր զինվորական կոմիսարի պատասխանատու պաշտոնը վստահվեց Գևորգ Մխեյանին։ Մեկ տարին, թերևս, ժամանակագրական փոքր հատված է, սակայն զինվորական ծառայության և պետականաշինության տեսանկյունից դա բավարար ժամանակամիջոց է՝ կատարված աշխատանքի ծանրակշիռ արդյունքներն ու որդեգրած անսասան սկզբունքները փաստելու համար։

Այսօր սպայի կոչումը կրելն ու զինվորական լինելը առանձնահատուկ պատիվ է, և ամեն մարդ չէ, որ ընդունակ է խորապես ընկալել այդ բառի ողջ վեհությունն ու այդ դժվարին ճանապարհն անցնել պատվով, անբասիր հարգանքով ու նվիրումով։ Գևորգ Մխեյանի մասին, նրա անցած հարուստ ու պատվաբեր զինվորական ուղու մասին կարելի է գրել ու ներկայացնել շատ երկար, սակայն այսօր մեր նպատակն է պարզապես մեծարել վաստակաշատ սպային, շնորհավորել նրան և մաղթել քաջառողջություն։

Խստապահանջություն, վերահսկողություն և անաչառություն

Գլխավոր զինկոմն իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից առանձնացավ ընդգծված խստապահանջությամբ, սկզբունքայնությամբ և աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պահանջկոտությամբ։ Նրա ղեկավարման ձեռագիրը համադրում է զինվորական անզիջում կարգապահությունն ու հոգատար մոտեցումը։

Մեկ տարվա ընթացքում Գևորգ Մխեյանի կողմից իրականացված հետևողական քայլերն ու խիստ հրահանգները միտված են եղել զինկոմիսարիատների աշխատանքի անխափան, թափանցիկ և արդյունավետ կազմակերպմանը, համակարգում կարգապահության ամրապնդմանն ու քաղաքացի-զինկոմիսարիատ կապի որակական փոփոխությանը։

Զինվորի կյանքն ու առողջությունը՝ որպես գերագույն արժեք

Գլխավոր զինկոմի գործունեության առանցքում առաջնային և անսակարկելի տեղ է զբաղեցնում ամենակարևորը՝ հայ զինվորի կյանքն ու առողջությունը։ Գևորգ Մխեյանի անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում զորակոչային ողջ համակարգի գործունեությունը։ Նրա համար յուրաքանչյուր զինվորական ծառայողի, յուրաքանչյուր զորակոչիկի ճակատագիրն ու անվտանգությունը անձնական պատասխանատվության հարց են։

«Մեգանյուզ»-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է Գևորգ Մխեյանին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ, անսասան կամք և նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր զինված ուժերի հզորացման։

Մարգարիտա Դավթյան

Այս թեմայով
am