Ռուսաստանը հիմա էլ պատրաստ է համաձայնության գալ ուկրաինական հարցում. Պուտին

Ռուսաստանն առաջին իսկ օրերից՝ դեռևս 2014 թվականից, հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք միշտ հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին՝ առաջին իսկ օրերից։ 2014 թվականին արդեն ասում էինք դրա մասին. «Եկեք, մենք ձեզ կօգնենք համաձայնության գալ այն ժամանակվա Ուկրաինայի հարավ-արևելքի հետ»։ Ո՛չ։ Թնդանոթներ, ինքնաթիռներ խաղաղ բնակչության դեմ։ Գործնականում պատերազմ սանձազերծեցին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։

Նրա խոսքով՝ այնուհետև եղան Մինսկի համաձայնագրերը, և Ռուսաստանը միշտ ձգտել է նրան, որ Կիևը կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի այն հատվածի հետ, որը համաձայն չէր պետական հեղաշրջման հետ։ Սակայն դրանից հրաժարվեցին, նշել է Պուտինը։

«Այնուհետև՝ Դոնբասում մարդկանց պաշտպանելու մեր գործողությունների մեկնարկից առաջ, մենք էլի իրենց ասացինք. «Դե, եկեք առանց ավելորդ միջադեպերի, եկեք համաձայնության գանք»։ «Ո՛չ, պատերազմելու ենք»։ Դե, խնդրե՛մ»,- պատմել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա էլ պատրաստ է համաձայնության գալ և լուծումներ փնտրել այս ծանր, ոչ պարզ իրավիճակի համար։

2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայում սկսվեց բողոքի ցույցերի շարք, որն ստացավ «Եվրոմայդան» անվանումը՝ իշխանությունների՝ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը կասեցնելու որոշումից հետո։ Անկարգություններն արագորեն ընդունեցին ընդգծված հականախագահական և հակակառավարական բնույթ։

Ուկրաինայի անվտանգության ուժերի և ցուցարարների ցույցերի ու բախումների հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ։ Բողոքի ցույցերը վերաճեցին պետական հեղաշրջման, որը հանգեցրեց 2014 թվականի փետրվարի 22-ին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալմանը։

Մոսկվան 2014 թվականի փետրվարի իրադարձությունները որակում է որպես Արևմուտքի կողմից աջակցվող պետական հեղաշրջում։

Այս թեմայով
am