ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացումով մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի. դեսպան
Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի անհանգստություններին»,- նշեց նա։
Դեպսանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։
Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ պետք է ձեռք բերել մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հստակ կերպով արձագանք տրվի ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին։