Հրազդանում 4 միլիարդ դոլարի նոր ներդրում կկատարվի. Սևակ Միքայելյանը մանրամասներ է հայտնել ԱՀ գործարանի կառուցումից

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ տեղեկացնելով քաղաքում կառուցվող արհեստական բանականության (AI) գործարանի երկրորդ փուլի մեկնարկի և աստղաբաշխական ներդրումների մասին։

Ըստ համայնքի ղեկավարի տարածած հաղորդագրության՝ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել 4 միլիարդ դոլար՝ նախնական փուլի 500 միլիոն դոլարի փոխարեն։ Սևակ Միքայելյանի բնորոշմամբ՝ սա աննախադեպ հնարավորություն է ողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։

«Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում»,— նշել է քաղաքապետը։

Տեխնոլոգիական գործընկերը համաշխարհային հսկան է

Հատկանշական է, որ որպես ծրագրի առանցքային տեխնոլոգիական գործընկեր հայտարարվել է ամերիկյան NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում ներկայումս գնահատվում է շուրջ 4.6 տրիլիոն դոլար։

Սևակ Միքայելյանն իր խոսքը հավասարապես ուղղել է համայնքի բնակիչներին՝ նշելով. «Կառուցում ենք ապագայի Հրազդանը՝ միասին»։

«Մեգանյուզը» կհետևի իրադարձությունների զարգացմանը և առաջիկայում կփորձի հավելյալ պարզաբանումներ ստանալ Հրազդանի համայնքապետարանից՝ նախագծի մեկնարկի կոնկրետ ժամկետների վերաբերյալ։

«Մեգանյուզ» լրատվական

 

Այս թեմայով
am