Կառավարությունը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կառավարությունն այսօրվա նիստում վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպա­տակով կառավարությունը կդիմի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

ՍԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը կլինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ մի շարք պետությունների կողմից՝ 2026թ. հունվարի 22-ին. Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավարություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն:

Նախագծում, որը գործադիրին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նշվում է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում:

«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար»,- ասվում է նախագծում։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ հայտնել է, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման նաև ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից»,- ասված է նախագծում։

 

Այս թեմայով
am