Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով:

«Այսօր ձեր ծառայությունը ՀՀ-ում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայությունը իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր նորությունը Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

«Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կմ-ը ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինած ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների՝ պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած: Սա, իհարկե, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի, կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն, և մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով:

Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք, և սրանով, ըստ էության, ՀՀ-ի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- նշել է վարչապետը:

Այս թեմայով
am