Ժողովրդական հանդիպումներ՝ առանց ձևականությունների
Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում իրական ժողովրդական ասուլիսների։ Առանց ձևականությունների, առանց կեղծիքի, առանց իրար դուր գալու փորձերի։ Եվ ամեն գյուղում ակնհայտ է դառնում, թե որքան շատ հարցեր են կուտակված մեր հայրենակիցների՝ մեր ժողովրդի մեջ։ Մեր քույրերի ու եղբայրների մտքերում կան բազմաթիվ խնդիրներ, չասված ապրումներ ու մտահոգություններ։
Այդ հանդիպումների մթնոլորտը պարզապես աննկարագրելի է։ Իմ աշխատանքային կյանքում ես տեսել եմ բազմաթիվ ընտրարշավներ, սակայն սա բոլորովին այլ է։ Նման անկեղծություն, նման մտահոգությունների ծավալ, նման լարվածություն և միաժամանակ անկաշկանդություն երբեք չեմ հանդիպել։
Այս օրերին հասկացա, որ սա այլևս դասական քարոզարշավ չէ և, գուցե, չպետք է էլ լինի։ Սա մարդկանց հանդիպում է, ովքեր ունակ են իրար աչքերի մեջ ուղիղ նայել, և այդ հանդիպումը ընդամենը մի քանի րոպեում վերածվում է ժողովրդական ասուլիսի։
Մենք նպատակ էինք դրել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել իսկապես ժողովրդական՝ մարդկանց մասին և մարդկանց կողմից գրվող ծրագիր։ Եվ այսօր ամեն գյուղում, ամեն բնակավայրում տեղի է ունենում այդ ծրագրի իրական, ժողովրդական քննարկում։
Այս մասին Ֆեյսբուքում գրում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։