Պատասխանատվությունից մինչև արդյունք․ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի աշխատանքի դիտարկումը

Մեգանյուզը հետևողականորեն և ուշի ուշով հետևում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի գործունեությանը՝ սկսած նրա նշանակման օրից՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ից։ Հանրային տեղեկատվության, վարչական շրջանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և անձամբ ղեկավարի էջում հրապարակվող նյութերի, ինչպես նաև բնակիչների արձագանքների ուսումնասիրությունը թույլ է տալիս ձևավորել բավական հստակ պատկեր իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

 

Նշանակումից հետո վարչական շրջանում նկատվում է վերահսկողության և պահանջկոտ աշխատանքի հստակ ձեռագիր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սուպերմարկետներում և առևտրի կետերում ժամկետանց ապրանքների խնդրին։ Կատարվող ստուգումները նպատակ ունեն բացառել սպառողների իրավունքների խախտումը և ապահովել բնակիչների առողջության պաշտպանությունը, ինչը վերջին տարիներին դարձել է հանրային օրակարգի կարևոր բաղադրիչ։

 

Վարչական շրջանի ղեկավարությունը հետևողական պայքար է վարում նաև չթույլատրված գովազդների տեղադրման դեմ։ Շենգավիթում նկատվում է ավելի կարգավորված և մաքուր քաղաքային միջավայր, ինչը խոսում է ոչ միայն արտաքին տեսքի բարելավման, այլև օրինականության պահպանման մասին։ Նույն սկզբունքով իրականացվում է փողոցային առևտրի վերահսկողությունը, որն առանցքային նշանակություն ունի թե՛ սանիտարահիգիենիկ պայմանների, թե՛ քաղաքային կարգապահության տեսանկյունից։

 

Մեգանյուզը ստացել է Շենգավիթ վարչական շրջանի բազմաթիվ բնակիչների շնորհակալական խոսքերն ու արձագանքները, որոնք հատկապես շեշտում են վարչական շրջանի ղեկավարի բաց և հասանելի աշխատաոճը։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր հինգշաբթի Տիգրան Գաբրիելյանը ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց խնդիրները և փորձում հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ տալ բարձրացվող հարցերին։ Այս մոտեցումը նպաստում է վստահության ձևավորմանը վարչական մարմնի և բնակիչների միջև։

 

Վարչական շրջանի արդյունավետ աշխատանքը տեսանելի դարձավ նաև ձմռան բարդ ամիսներին։ Առատ ձյան տեղումների օրերին Շենգավիթ վարչական շրջանը առաջիններից էր, որ կազմակերպեց ձնամաքրման աշխատանքները՝ ընդգրկելով ոչ միայն հիմնական փողոցներն ու մայթերը, այլև բակերը։ Սա կարևոր հանգամանք էր բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, Մեգանյուզը կարևորում է հավասարակշռված մոտեցումը․ լավին՝ լավը, վատին՝ վատը։ Այս փուլում արձանագրվածը վկայում է, որ Տիգրան Գաբրիելյանը աչքի է ընկնում վարակիչ աշխատաոճով, պահանջկոտությամբ, պարտաճանաչությամբ և, ինչը ոչ պակաս կարևոր է, ազնիվ վերաբերմունքով իր աշխատանքի նկատմամբ։ Թեև ցանկացած ղեկավարի գործունեությունը ժամանակի ընթացքում ենթակա է խորքային գնահատման, սակայն այս պահի դրությամբ Շենգավիթ վարչական շրջանում նկատվում է համակարգված և պատասխանատու կառավարման միտում։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Տիգրան Գաբրիելյանի ղեկավարությամբ Շենգավիթ վարչական շրջանը շարժվում է վերահսկողության, բաց աշխատանքի և արդյունք պահանջող կառավարման ճանապարհով, ինչը չի կարող աննկատ մնալ թե՛ լրատվամիջոցի, թե՛ բնակիչների աչքից։

Մարգարիտա Դավթյան

Meganews.am

Այս թեմայով
am