«Տիգրան Գաբրիելյանի ռազմավարական տեսլականը․ ինչ փոփոխություններ են սպասվում Շենգավիթում»

«Ինչ փոփոխություններ են սպասվում Շենգավիթում․ Տիգրան Գաբրիելյանի առաջին հարցազրույցը «Մեգանյուզ» լրատվականին»

 

Շենգավիթ վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ Տիգրան Գաբրիելյան։ Նրան պաշտոնում նշանակվելուց՝ ընդամենը մեկ ամիս անց, համայնքում արդեն նկատվում է նոր աշխատելաոճ, ավելի դինամիկ և բաց կառավարման մոտեցում։ Թաղապետարանում մուտքից իսկ զգացվում է կազմակերպվածության և պահանջատիրական աշխատանքի մթնոլորտը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից դեպի համայնքային կառավարում անցած Գաբրիելյանը Շենգավիթ է եկել հստակ նպատակի գիտակցմամբ՝ ձևավորելու նոր մշակույթ, բարձրացնելու սպասարկման որակը և համայնքն ուղղելու դեպի երկարաժամկետ, համակարգային զարգացում։

 

«Մեգանյուզ»-ի հետ զրույցում նա ներկայացնում է առաջին տպավորությունները, առաջնահերթ խնդիրները, իր տեսլականն ու այն փոփոխությունները, որոնք շենգավիթցիները կարող են ակնկալել առաջիկայում։

– Պարոն Գաբրիելյան, Դուք Շենգավիթի ղեկավարի պաշտոնը ստանձնել եք պետական կառավարման համակարգից՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ինչպե՞ս անցավ անցումը նախարարությունից համայնք։

 Սկզբում կարող էր թվալ, թե երկու համակարգերում մեծ տարբերություն չկա․ երկուսն էլ պահանջում են բյուջեի կառավարում, ծրագրերի պլանավորում և պատասխանատվություն։ Սակայն համայնքին ներսից մոտենալուց հետո շատ արագ հասկացա, որ տեղական ինքնակառավարումն ունի իր յուրահատուկ դինամիկան։ Այստեղ ամեն որոշում անմիջապես ազդում է բնակչի կյանքի վրա, ինչը միաժամանակ և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ իրական փոփոխություն իրականացնելու հնարավորություն։

Շենգավիթում աշխատելն ինձ համար նաև մասնագիտական աճի լայն հնարավորություն է։ Համայնքային համակարգը պահանջում է արագ արձագանքող, ճկուն և մարդակենտրոն մոտեցումներ։ Հավատացած եմ, որ այս որոշումը ճիշտ էր՝ և՛ կառավարչական հմտություններիս զարգացման, և՛ արդյունավետ գործունեության տեսանկյունից։

– Մեկ ամիս է, ինչ ղեկավարում եք Շենգավիթը։ Ինչպե՞ս կգնահատեք համայնքը, մարդկանց վերաբերմունքը և առկա խնդիրները։

 Շենգավիթը Երևանի ամենախոշոր և բազմաշերտ համայնքներից է՝ շուրջ 4060 հեկտար տարածքով ու ավելի քան 140 հազար բնակչությամբ։ Միաժամանակ կան և՛ սոցիալական բազմազանություն, և՛ խորքային ենթակառուցվածքային խնդիրներ։ Մարդիկ այստեղ պահանջատիրական են, բայց այս պահանջատիրությունը առողջ է՝ նրանք ուզում են մաքուր, կազմակերպված, անվտանգ միջավայր։

Խնդիրները բազմաբնույթ են։ Հատկապես առանձնանում է Խարբերդի հատվածը, որը տարիներ առաջ դիտվում էր որպես ամառանոցային գոտի, իսկ այսօր դարձել է մշտական բնակավայր։ Դրա հետևանքով ստեղծվել են ենթակառուցվածքային բացեր՝ սկսած ճանապարհներից մինչև ինժեներական ցանցեր։ Մեր նպատակն է այդ տարածքն ինտեգրել Շենգավիթի ընդհանուր զարգացման տրամաբանությանը՝ դարձնելով ներդաշնակ և լիարժեք մաս։

– Շենգավիթը մեծ համայնք է՝ բազմաֆունկցիոն խնդիրներով։ Դժվա՞ր չէ ղեկավարել նման ծավալի վարչական շրջան։

 Հակառակը՝ դա իմ հիմնական մոտիվացիան է։ Մեծ համայնքը մեծ պատասխանատվություն է, բայց նաև՝ մեծ հնարավորություններ։ Ես բնավորությամբ սիրում եմ բարդ խնդիրներ լուծել, հաղթահարել մարտահրավերները։ Շենգավիթի կառավարումը հենց այնպիսի դաշտ է, որտեղ իրավիճակները պահանջում են արագություն, հետևողականություն և թիմային աշխատանք։ Իսկ դա այն միջավայրն է, որտեղ ես առավել արդյունավետ եմ զգում ինձ։

– Նախորդ ղեկավարից ի՞նչ ժառանգություն եք ստացել և ո՞ր ուղղություններն եք առաջնահերթ համարում։

 Մինչև պաշտոնը ստանձնելը ես արդեն ծանոթ էի համայնքին և տեսնում էի, որ Շենգավիթում կատարվել են կարևոր աշխատանքներ, հատկապես բակերի բարեկարգման ուղղությամբ։ Բայց համայնքի իրական խնդիրները բացվում են միայն ներսից։Այսօր առաջնահերթ եմ համարում ենթակառուցվածքների հիմնանորոգումը՝ հատկապես կոյուղագծերի։ Սա ոչ միայն Շենգավիթի, այլ ամբողջ Երևանի ընդհանուր խնդիրն է։ Մենք ժառանգել ենք հին, մաշված համակարգ, որն արդեն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Հենց այստեղ ենք ծրագրում կենտրոնացնել մեծածավալ աշխատանքներ՝ երկարաժամկետ լուծումներ ապահովելու համար։

– Փողոցային առևտրի խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Ինչպե՞ս եք մոտենալու այս հարցին։

 Մեր նպատակն է այս հարցը լուծել ոչ թե ուժային, այլ համագործակցային մեթոդներով։ Առևտրականները մեր համայնքի քաղաքացիներն են, և նրանց հանդեպ պետք է ունենալ հարգալից ու կոռեկտ վերաբերմունք։ Աշխատակազմի հետ քննարկել ենք, որ առաջնային է կանխարգելումը։ Մարդուն պետք է բացատրել կանոնի անհրաժեշտությունը, ոչ թե պարզապես արգելել։

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքային կանոնների պահպանումը կլինի բոլոր կողմերի համատեղ պատասխանատվությունը՝ առանց սոցիալական լարվածություն ստեղծելու։

– Ձեր թիմում նախատեսո՞ւմ եք փոփոխություններ։

 Թիմը կառավարման հիմնասյունն է։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր աշխատողի կարելի է բացատրել, ուղղորդել և ներգրավել աշխատանքային պրոցեսներում։ Բայց եթե որևէ մեկը չի կարողանում կամ չի ցանկանում համապատասխանել նոր չափանիշներին, ապա բնականաբար տեղի են ունենում փոփոխություններ։ Թիմում կմնան այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել նախաձեռնող, պատասխանատու և արդյունք ապահովող մոտեցմամբ։ Սա բնական գործընթաց է, որը բխում է համայնքի շահից։

– Ինչպե՞ս եք պատկերացնում համայնք–բնակիչ համագործակցությունը։

 Համայնքի հաջողության բանալին ակտիվ ու շարունակական համագործակցությունն է։ Մենք նախատեսում ենք իրականացնելու մասսայական նախաձեռնություններ՝ ծառատունկեր, շաբաթօրյակներ, բակերի համատեղ բարեկարգում։ Երբ բնակիչը մասնակցում է այդ գործընթացներին, նա սկսում է համայնքը ընկալել որպես սեփական միջավայր, ոչ թե ինչ-որ մեկի պատասխանատվություն։ Շատ հաճախ բողոքում են աղբի, անխնամ տարածքների մասին, բայց կան բակեր, որտեղ հստակ երևում է՝ խնդիրն աշխատողի մեջ չէ, այլ բնակչի մտածելակերպի։ Մեր նպատակը նաև այդ փոփոխությունն ապահովելն է՝ ձևավորելով համայնք, որտեղ յուրաքանչյուր ոք գիտակցում է իր պատասխանատվությունը։

– Եվ վերջում, ինչպիսի՞ Շենգավիթ եք պատկերացնում մի քանի տարի անց։

 Մի նախադասությամբ՝ մաքուր, կանաչ, կազմակերպված և զարգացող Շենգավիթ, որտեղ բնակիչը ապրում է հարմարավետ միջավայրում և վստահ է, որ համայնքը շարժվում է դեպի ավելի բարձր մակարդակ։

 

Հեղինակ՝ Մարգարիտա Դավթյան

Մեգանյուզ լրատվական 

 

Այս թեմայով
am