Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու և վերցնելու պատիժն առավել խստացնել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթեւ չէ։
Գործող նորմերով՝ ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության՝ այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, նախատեսվում է մինչեւ 9 տարի ազատազրկում։
Ըստ ամենայնի, այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերեւս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին, որոնց նկատմամբ շուրջ երկու ամիս է՝ կաշառքի շինծու գործեր են կարվում։ Այդ գործերում այնպիսի անհեթեթ արտահայտություններ են հանդիպում, ինչպիսիք են՝ «աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել», «չպարզված անձին չպարզված բնույթի գույքային խոստում են տվել»: