Ծառայել մարդուն և պետությանը. Մայրանուշ Նասիբյանի ուղերձը
Ես՝ Մայրանուշ Նասիբյանս, իմ բազմամյա մանկավարժական և հասարակական գործունեության ընթացքում մշտապես եղել եմ մարդկանց կողքին՝ լսելով նրանց հոգսերն ու փորձելով հնարավորինս աջակցել յուրաքանչյուրին։ Այսօր իմ առաջադրումը որպես պատգամավորության թեկնածու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, այդ նույն նվիրումի շարունակությունն է՝ նպատակ ունենալով ծառայել մեր քաղաքացիներին արդեն ավելի լայն՝ օրենսդրական հարթակում։
Ինձ համար քաղաքականությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց կյանքում իրական և շոշափելի փոփոխություններ բերելու համար։ Իմ տեսլականի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով և զարգացման հավասար հնարավորություններով։
Որպես մանկավարժ՝ ես առանձնահատուկ կարևորում եմ կրթության դերը։ Իմ ջանքերն ուղղելու եմ նրան, որ յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից կամ առանձնահատկություններից, ստանա որակյալ և հասանելի կրթություն։ Ներառականությունը ինձ համար պարզապես մասնագիտական տերմին չէ, այլ արժեքային համակարգ, որը պետք է դառնա մեր հասարակության ամուր հիմքերից մեկը։
Խորհրդարանում ես պատրաստակամ եմ հետևողականորեն աշխատել կրթական համակարգի բարեփոխման, ուսուցչի հեղինակության բարձրացման, սոցիալական արդարության հաստատման և համայնքների համաչափ զարգացման ուղղությամբ։ Իմ նպատակն է կյանքի կոչել այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն մարդկանց կենսամակարդակը և կստեղծեն արդար պայմաններ բոլորի համար։
Ես ձգտում եմ լինել այնպիսի պատգամավոր, ով ոչ միայն լսում և հասկանում է, այլև գործում է։ Իմ յուրաքանչյուր քայլը խարսխված է լինելու պատասխանատվության, ազնվության և անմնացորդ նվիրումի վրա։
Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք կառուցել մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ոք կլինի պաշտպանված, գնահատված և արժանապատիվ։