ԱՄՆ փոխնախագահի այց՝ Հայաստան. Թրամփը հաստատել է
Հունվարի 24-ին՝ Վաշինգտոնի ժամանակով կեսօրից հետո, իսկ Երևանի ժամանակով՝ արդեն կեսգիշերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Թրամփի գրառումից չի հստակեցվում այցի օրերը և տևողությունը, սակայն նշվում է, որ փոխնախագահի այցը միտված է լինելու խաղաղության գործընթացի շարունակմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
ԱՄՆ նախագահի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին մեր կողմից ստորագրված Խաղաղության համաձայնությունը պահպանելու համար։ Սա զազրելի պատերազմ էր՝ ութ պատերազմներից մեկը, որոնց ես վերջ դրեցի, և այժմ մենք ունենք խաղաղություն և բարգավաճում։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կիրականացնենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիրը, կնքենք գործարքներ մեր կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կշարունակենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների՝ այդ թվում զրահաբաճկոնների և նավակների վաճառքը Ադրբեջանին և այլ նախաձեռնություններ»։
Գրառման ավարտին ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրների ղեկավարներին՝ ստորագրելով այն «President DJT»։