Սրբուհի Գալյանը՝ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածի մասին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ իրավիճակին պետք է գնահատել ըստ իրադարձությունների հաջորդականության։
«Ինչո՞ւ չենք դիտարկում նախորդող իրավիճակը։ Եթե հնչել են հայտարարություններ, որ պատարագ իրականացնել թույլ չի տրվելու և քաղաքացիները չեն կարողանալու իրացնել իրենց իրավունքը՝ մասնակցել պատարագին, ապա խոսքը վերաբերում է այն երևույթին, որը միտված է այդ խնդիրը կանխելուն»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները կնքվել էին, Շիրակի թեմի հոգևորականներին մուտք չէր թույլատրվել, իսկ տարածքը հսկել են ՊՊԾ աշխատակիցները։
Լրագրողների հարցին՝ խնդրահարույց չէ՞ հոգևորականին արգելել մուտք գործել իր սպասավորման վայր, Գալյանը արձագանքել է. «Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ և ըստ ժամանակագրական հաջորդականության»։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը հնչեցրած անձանց դուրս են բերել ուժի կիրառմամբ, նախարարը նշել է. «Հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան։ Եթե գործողությունները գերազանցում են իրավաչափության սահմանը՝ դա վատ է, եթե չեն գերազանցում և միտված են կարգի պահպանմանը՝ դա լավ է։ Իրավաչափ և հասարակական կարգը պահող գործողությունները գնահատում եմ դրական, իսկ դրանք, որոնք ենթադրում են լիազորությունների չարաշահում, բացասական»։
meganews.am