Բանակի վստահելի երաշխիքը՝ կոչում, որ ապրում է նվիրվածությամբ
20 տարվա ծառայություն՝ խստապահանջության, պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության օրինակով:
Հրազդանի տարածքային զինվորական զինկոմիսարի տեղակալ՝ մայոր Էմին Վարդանյանը ավելի քան երկու տասնամյակ է, ինչ իր կյանքի ամեն օրը նվիրում է Հայաստանի զինված ուժերին։ Նա այն սպաներից է, որոնց համար զինվորական ծառայությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ կոչում․ կոչում, որը պարտավորեցնում է ծառայել պատվով, նվիրվածությամբ և ազնվությամբ։
Զինվորական լինելը նախ և առաջ պատասխանատվություն է՝ պետության, բանակի և յուրաքանչյուր զինվորի առաջ։ Իսկ երբ մարդը ընտրում է այդ ճանապարհը, նա պարտավոր է ծառայել ոչ թե ձևական, այլ հավատով ու գաղափարով։ Մայոր Վարդանյանը հենց այդ տեսակ զինվորական է․ խստապահանջ, բայց արդար, պրոֆեսիոնալ, բայց մարդկային։
Նրա գործունեության առանցքում մշտապես եղել է բանակի գլխավոր նպատակը՝ պատրաստ, առողջ և արժանապատիվ զինվոր ձևավորելը։ Զորակոչի և զինվորական ծառայության կազմակերպումը երբեք հեշտ գործ չէ․ ամեն փուլում կան բարդություններ՝ սկսած դիմումների մեծ հոսքից մինչև բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետ կազմակերպումը։ Այս ամենը պահանջում է համակարգված մոտեցում, բարձր կազմակերպչական կարողություններ և ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունք։
Մայոր Վարդանյանը անձամբ է վերահսկում զորակոչային գործընթացներն ու 25-օրյա վարժանքների ընթացքը՝ համոզված լինելով, որ կարգապահությունը բանակի ուժի հիմքն է։ Նրա հետևողականությունն ու վերահսկողությունը կանխում են սխալները, իսկ արդար մոտեցումը ձևավորում է վստահություն թե՛ ծնողների, թե՛ զորակոչիկների շրջանում։
Այսօր Հայաստանի զինված ուժերում ծառայում են պատրաստված, փորձառու և բարձր գիտակցությամբ սպաներ, ովքեր ոչ միայն գիտեն իրենց գործը, այլև գիտակցում են՝ իրենց ուսերին է դրված պետության անվտանգության իրական բեռը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հստակ հանձնարարականներն ու հետևողական վերահսկողությունը նպատակ ունեն, որ յուրաքանչյուր զինվոր բանակում իր ծառայությունն իրականացնի պատվով և արժանապատվորեն։ Այս մոտեցումը նոր որակ է հաղորդում բանակաշինությանը՝ դարձնելով այն ոչ միայն ուժի, այլև վստահության համակարգ։
Մայոր Էմին Վարդանյանի անցած ծառայողական ճանապարհը զինվորականի ազնիվ և պատասխանատու կերպարի իրական արտացոլումն է։ Նրա փորձը, սկզբունքայնությունը և մարդկային վերաբերմունքը դարձել են օրինակ շատերի համար։ Նա այն սպան է, ով միշտ պատրաստ է լսելու, հասկանալու և աջակցելու՝ անկախ խնդրի բնույթից։
Այսօր, երբ բանակի հանդեպ վստահությունը ձևավորվում է ոչ թե բառերով, այլ գործերով, Էմին Վարդանյանի նման սպաներն են, որ իրենց աննկուն ծառայությամբ ու նվիրվածությամբ ապացուցում են՝ բանակը ունի հուսալի երաշխիքներ։
Այդ երաշխիքներից ամենակարևորն է՝ ազնիվ ծառայությունը հայրենիքին։
Հեղինակ՝ Մարգարիտա Դավթյան
Աղբյուր՝ Meganews.am