ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Նախարարին ներկայացվել է պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսված վայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը։
2024 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի առանձնազրույցը։
Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պաշտոնական այցը կնպաստի դրանց դինամիկ զարգացմանը։
Ջասիմ Մուհամմադ Աբուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տարբեր ոլորտներում հայ-իրաքյան բարեկամությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերությունների զարգացման և կապերի ամրապնդման համար։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները՝ երկու երկրների Բարձր դատարանների համագործակցությունը դարձնելով առավել գործնական և արդյունավետ։