Կառավարությունը ծախսում է իր գումարներն այնպես, ինչպես մենք մեր կնունքներին ու հարսանիքներին. Նիկոլ Փաշինյան
«Ես չեմ վարանի ասել, որ մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ կարևոր ու ուրախալի լուր է»: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա այս հայտարարությունն անում է հիմք ընդունելով այն, որ շինարարական օբյեկտներ կես ժամանոց շրջայցի ընթացքում թերություններ չի տեսնում։
«Ես վերջերս մեր գործընկերների հետ կիսվել եմ, ասել եմ՝ վեր կացանք, հայտարարեցինք, որ մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ պիտի կառուցենք ու լավ արեցինք, ու ճիշտ արեցինք: Բայց պետք է հաշվի առնենք մի բան. եթե ուզում էինք այն պրոբլեմները, որ ունեինք, չունենանք, պետք է նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լիներ Հայաստանում: Մենք հիմա և՛ կառուցում ենք, և՛ սովորում ենք»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կառավարության ծախսային քաղաքականությունների էֆեկտիվության հետ որոշակի խնդիրներ կան:
«Մենք պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային մշակույթի կրողներն ենք: Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա, ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում: Երբ առիթ է լինում ռեստորաններում լինել, տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում: Մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել: Նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական, կրթության խնդիր է: Բայց ուզում եմ ասել, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք անել մեր պետության համար, այս ծրագիրը ֆունդամենտալ կերպով այսօր արդեն փոխում է մեր երկրի կերպարը ու ապագան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: