ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել ՆԱՏՕ-ի միջոցառումներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հրավիրել Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ մասնակցելու գործընկերության միջոցառումներին, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը։ Այս մասին «Turan»-ին հայտնել են Վաշինգտոնում իրավիճակին ծանոթ երկու աղբյուր։
Թեև լիովին պարզ չէ, թե արդյոք հրավերներն արդեն տրվել և/կամ ընդունվել է, Վաշինգտոնում պաշտոնական անձինք կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա հանդիպումը ԱՄՆ-ի մայրաքաղաքում «մեծ հնարավորություն» կլինի, որը չարժե բաց թողնել։
Այս քայլն առաջարկվել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այս շաբաթ Բաքու է ուղևորվում Եվրոպայի և Եվրասիայի գծով իր բարձրաստիճան դիվանագետը՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և ընդգծելու Վաշինգտոնի հավատարմությունը խաղաղ գործընթացին: