Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են
Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են: Այս մասին ասված է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։
«Այլընտրանքային լուծումներով ՎեոլիաԹիմը Դիլիջանում զգալիորեն մեղմել է ջրատարների վթարների հետևանքները:
«Դիլիջան» շահագործման տեղամասի մասնագետները, աշխատելով բարդ և վտանգավոր պայմաններում, կարողացել են վերացնել 150 մմ-ոց վերգետնյա ջրագծի վթարներն ու վերականգնել #Գետափնյա և #Կալինինո փողոցների 7 բազմաբանակարան շենքերի և հյուրանոցային համալիրների #ջրամատակարարումը:
Հեղեղումների, ինչպես նաև Աղստև գետի վարարման հետևանքով «Ֆրոլովո» ջրի մաքրման կայանից դուրս եկող 500 մմ-ոց և ՋՄԿ-ից դեպի Դիլիջան իջնող 300 մմ-ոց ջրատարները մնացել են օդի մեջ և դեռևս դրանց մոտենալ ու որևէ աշխատանք անել հնարավոր չէ:
ՎեոլիաԹիմը մարդկանց առանց ջուր չթողնելու համար որոշել է այստեղից սնվող Գայի, Հովսեփյան, 1-ին փողոցների և Թբիլիսյան խճուղու սպառողների ջրամատակարարումն իրականացնել այլընտրանքային ճանապարհով՝ այս տարածքներին ջուր մղելով «Բլդան» և «Գոլովինո» Ջրի մաքրման կայաններից:
Այս պահին ջրամատակարարումը դեռևս իրականացվում է գրաֆիկի խախտումներով: Ջրհեղեղի պատճառած վնասներն ահռելի են, աշխատանքի ծավալը ևս․ այդ պատճառով ՎեոլիաԹիմն աշխատում է և՛ ցերեկը, և՛ գիշերը:
Աշխատանքի ավարտից հետո քաղաքի ջրամատակարարումը նորից կիրականացվի սահմանված ժամանակացույցի համաձայն»,-նշված է հաղորդագրության մեջ: