Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան

Խնդիրն այն է, որ համախմբվելը դժվար է, իսկ ելք գտնելու օրակարգ ձևավորելն՝ ավելի հեշտ, «Տավուշ․ արտաքին, թե ներքին դիմադրության շարժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է, այլ մի կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը։

Եվ մեր այսօրվա տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում վերաիմաստավորվելու է հենց դրանով։ Երբ հաճախ ասվում է, թե միգուցե ճիշտ կլիներ, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեին, դրանով գուցե իրավական ճգնաժամ կստեղծվեր, այդպես չէ, որովհետև այդ քննարկումները նույնիսկ իրավաբանների մոտ տանում են փակուղի։ Շատ կարևոր ու շատ պետք են իրենց մանդատներն այսօր ԱԺ-ում ունենալը։

Ավելի շատ պետք է քաղաքական մեծամասնությունը ներկայացնող խմբակցության հետ փորձենք աշխատել։ Մարդիկ կան, որ վախեցած են, մարդիկ կան, որ երևի զղջում են, բայց այլընտրանք չունեն, որովհետև որոշակի կաշկանդվածություն ունեն, և այդ աշխատանքն էլ պետք է անել։ Բայց փողոցային ճիշտ կազմակերպված պայքար և հարթակում գտնվողների լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում, կարծում եմ, շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության»,-ասաց Դավիթ Անանյանը։

 

Այս թեմայով
am